Armenian text to speach

Փաշինյանը մասնակցել է Առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում անցկացված քննարկմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Երևանում անցկացվող Կենսաբազմազանության հարցերով Առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում անցկացված «Քաղաքական հրամայական. բնության պահպանությունը՝ հանուն խաղաղության,անվտանգության և կայուն զարգացման» խորագրով քննարկմանը։ 

Վարչապետը հանդես է եկել ելույթով և նշել․ «Խորհրդանշական է, որ կենսաբազմազանության հարցերով COP17-ի համաժողովը հյուրընկալում ենք մի միջավայրում, երբ ավելի քան 30-ամյա հակամարտությունից հետո ի վերջո թևակոխում է խաղաղության փուլ։ Մենք այս ողջ ընթացքում նաև մեր սեփական օրինակով ենք տեսել հակամարտության, պատերազմների հետևանքները կենսաբազմազանության տրամաբանությամբ և նաև խաղաղության արդյունքները, որոնք կարող են տեսանելի լինել խաղաղության ժամանակ»։

Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ  հենց հակամարտության  ներքին հետևանքը կենսաբազմազանության վրա մեզ համար տեսանելի էր՝ էներգետիկ ճգնաժամ, անտառների հատում, Սևանա լճում ձկնային պաշարների հետ կապված խնդիր։ 

Անդրադառնալով  հակամարտության անդրսահմանային ազդեցություններին՝ երկրի ղեկավարն ընդգծել է, որ սահմաններին պաշտպանական և ամրաշինական կառույցների չպլանավորված և անվերահսկելի կառուցումը  նույնպես մեծ խնդիրներ են առաջացնում, այդ թվում՝ կենսաբազմազանության տեսակետից․ «Հակամարտությունները տևում են տասնամյակներ և այդ  ընթացքում շատ մեծ վնաս է  հասցվում կենսաբազմազանությանը, այդ վնասը չի հաշվառվում և  այդպիսով դառնում է անվերահսկելի։ Եվ մենք պարզապես մի պահի արձանագրում ենք, որ կենդանիների որոշակի տեսակներ, բնության որոշակի հատվածներ պարզապես ոչնչացվել են։ Բայց շատ կարևոր է հասկանալ մի բան, որ նաև հենց COP ձևաչափի ամենակարևոր շեշտադրումն է, բնության և կենսաբազմազանության հարցերում հնարավոր չէ հաջողություն գրանցել առանձին վերցրած երկրում»։

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝  հակամարտությունները ոչ միայն վնասներ են բերում, այլև շատ դեպքերում բացառում են երկրների համագործակցությունը կենսաբազմազանության տրամաբանության մեջ։ «Խաղաղությունը և կենսաբազմազանությունը շատ մեծ նշանակություն ունեն թե՛ ներքին, և թե՛ անդրսահմանային իմաստներով։ Ես ուրախ եմ, որ այսօր մեր տարածաշրջանում խաղաղություն է հաստատվել և խաղաղության հաստատման գործընթացում առկա են բնապահպանական, շրջակա միջավայրի հարցեր, և Ադրբեջանի հետ նախաստորագրված խաղաղության համաձայնագրի ստորագրումից և վավերացումից հետո ավելի ընդարձակ անդրադարձ տեղի կունենա նաև այդ հարցերին»,– նշել է վարչապետը՝ հավելելով, որ շրջակա միջավայրը և կենսաբազմազանությունը միացնում են երկրները և վերջիններիս  համար ստեղծում  ընդհանուր շահերի դաշտ, որտեղ առկա է համագործակցության շատ մեծ հնարավորություն և ներուժ։ 

Այդ համատեքստում, երկրի ղեկավարը նշել է, որ  առաջիկայում հարևան երկրների հետ ավելի ու ավելի մեծ ուշադրություն կդարձվի  այս խնդիրներին ։ 

«Այսօրվա աշխարհը, կառավարությունները շատ բարդ օրակարգեր ունեն, և նույնիսկ սովորական պայմաններում ամեն օր և բավարար հաճախությամբ չէ, որ շրջակա միջավայրին առնչվող օրակարգերը հայտնվում են կառավարությունների ուշադրության կենտրոնում։ Եվ այս առումով, իհարկե, կենսաբազմազանության հարցերով COP-ը շատ կարևոր է հենց նաև այս տեսակետից, որովհետև  կառավարությունները միջազգային այս ձևաչափերի հետ առնչվելով՝ բնականորեն ավելի մեծ ուշադրություն են դարձնում շրջակա միջավայրի հետ կապված հարցերին։ Նաև այս ձևաչափերի ընթացքում իրար հետ տեղեկություններ կիսելով՝ մենք հասկանում ենք, թե ինչպիսի ընդհանուր մարտահրավերների առաջ են կանգնած և ինչպիսի կարևորություն ունեն այն հարցերը, որոնք քննարկվում են այս համաժողովի շրջանակներում։ Սա շատ կարևոր առաքելություն է», -ասել է Նիկոլ Փաշինյանը։

Անդրադառնալով տարածաշրջանում սպասվող դրական փոփոխություններին՝ վարչապետը նշել է, որ առաջիկայում նախագծեր են իրականացվելու, տարածաշրջանում ապաշրջափակում, սահմանների սահմանագծում և սահմանազատում է տեղի ունենալու։ Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ այդ գործընթացների շրջանակում պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնել շրջակա միջավայրին առնչվող հարցերին․ «Դրանք այն օրակարգերն են, որոնք տրամաբանորեն պիտի մերձեցնեն հարևաններին, որովհետև շրջակա միջավայրի հետ կապված մարտահրավերներն ընդհանուր են։ Եվ ամենակարևորը, կրկին ուզում եմ ընդգծել, որ շրջակա միջավայրի կենսաբազմազանության հետ կապված խնդիրներն առանձին վերցրած երկրում հնարավոր չէ լուծել։ Եվ այստեղ է, որ առաջ է գալիս գլոբալ ջանք գործադրելու անհրաժեշտությունը, և ես ուրախ եմ, որ մենք Երևանյան հռչակագիրն ենք ընդունել, տեքստը հաստատված է։ Առաջնորդների ուղերձն է COP17 համաժողովին, որտեղ արտահայտվում է մեր քաղաքական կամքը և ուղերձը համաժողովի մասնակիցներին՝ գործադրել բոլոր հնարավոր ջանքերը հասնելու այնպիսի լուծումների, որոնք կբերեն իրական փոփոխություններ կյանքում, իրական փոփոխություններ գետնի վրա և, ի վերջո, այն մարտահրավերները, որոնք ունենք շրջակա միջավայրի, կենսաբազմազանության օրակարգերում, ավելի մեծ ուշադրության և բյուջետային ուշադրության կարժանանան, որովհետև միանշանակ է և աներկբա, որ կենսաբազմազանության, շրջակա միջավայրի պահպանության վրա իրականացվող ներդրումներն առավել քան արդարացված են»։ 

Երկրի ղեկավարը, ամփոփելով խոսքը, ընդգծել է՝ գիտակցության այն մակարդակը, որ COP-ի ձևաչափը ստեղծում է միջազգային հանրության շրջանում, մի էներգիա է, որը չի կարող անհետանալ․ «Այդ էներգիան պետք է արտահայտվի և միանշանակ պիտի բերի իր արդյունքները։  Հայաստանի Հանրապետության և մեր Կառավարության անունից ուզում եմ ընդգծել, վերահաստատել մեր պատրաստակամությունը գնալ այդ ճանապարհով՝ ձեռք ձեռքի բռնած միջազգային մեր գործընկերների հետ։ Եվ այս կարևոր համաժողովը հյուրընկալելու մեր քաղաքական որոշումը, կարծում եմ, դրա ամենաառարկայական արտահայտությունն է»։




Լրահոս