Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Երևանում անցկացվող Կենսաբազմազանության հարցերով Առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում անցկացված «Քաղաքական հրամայական. բնության պահպանությունը՝ հանուն խաղաղության,անվտանգության և կայուն զարգացման» խորագրով քննարկմանը։
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ հակամարտությունները ոչ միայն վնասներ են բերում, այլև շատ դեպքերում բացառում են երկրների համագործակցությունը կենսաբազմազանության տրամաբանության մեջ։ «Խաղաղությունը և կենսաբազմազանությունը շատ մեծ նշանակություն ունեն թե՛ ներքին, և թե՛ անդրսահմանային իմաստներով։ Ես ուրախ եմ, որ այսօր մեր տարածաշրջանում խաղաղություն է հաստատվել և խաղաղության հաստատման գործընթացում առկա են բնապահպանական, շրջակա միջավայրի հարցեր, և Ադրբեջանի հետ նախաստորագրված խաղաղության համաձայնագրի ստորագրումից և վավերացումից հետո ավելի ընդարձակ անդրադարձ տեղի կունենա նաև այդ հարցերին»,- նշել է վարչապետը՝ հավելելով, որ շրջակա միջավայրը և կենսաբազմազանությունը միացնում են երկրները և վերջիններիս համար ստեղծում ընդհանուր շահերի դաշտ, որտեղ առկա է համագործակցության շատ մեծ հնարավորություն և ներուժ։
Այդ համատեքստում, երկրի ղեկավարը նշել է, որ առաջիկայում հարևան երկրների հետ ավելի ու ավելի մեծ ուշադրություն կդարձվի այս խնդիրներին ։
«Այսօրվա աշխարհը, կառավարությունները շատ բարդ օրակարգեր ունեն, և նույնիսկ սովորական պայմաններում ամեն օր և բավարար հաճախությամբ չէ, որ շրջակա միջավայրին առնչվող օրակարգերը հայտնվում են կառավարությունների ուշադրության կենտրոնում։ Եվ այս առումով, իհարկե, կենսաբազմազանության հարցերով COP-ը շատ կարևոր է հենց նաև այս տեսակետից, որովհետև կառավարությունները միջազգային այս ձևաչափերի հետ առնչվելով՝ բնականորեն ավելի մեծ ուշադրություն են դարձնում շրջակա միջավայրի հետ կապված հարցերին։ Նաև այս ձևաչափերի ընթացքում իրար հետ տեղեկություններ կիսելով՝ մենք հասկանում ենք, թե ինչպիսի ընդհանուր մարտահրավերների առաջ են կանգնած և ինչպիսի կարևորություն ունեն այն հարցերը, որոնք քննարկվում են այս համաժողովի շրջանակներում։ Սա շատ կարևոր առաքելություն է», -ասել է Նիկոլ Փաշինյանը։




























