Ուկրաինայում մարդկանց սպանությունների վերաբերյալ Ռուսաստանի Պետդումայի պատգամավորները փաստաթղթեր են հավաքում` ուկրաինական ներկայիս իշխանությունների դեմ Հաագայի դատարան դիմելու նպատակով: Այս մասին տեղեկացնում է «Իզվեստիա» թերթը:
Օդեսսայում «հակամայդանի» ավելի քան 40 ակտիվիստների այրվելուց հետո Պետդումայի ներկայացուցիչ Միխաիլ Մարկելովը հայտարարել է, որ խաղաղ բնակչության թվում զոհերի պատասխանատվությունը պետք է կրեն Ուկրաինայի ներկայիս իշխանությունները: Պատգամավորներն արդեն փաստաթղթեր են հավաքում Հաագայի Միջազգային դատարան դիմելու համար, և դիմելու են ԱԳՆ` իրենց նախաձեռնությանը սատարելու խնդրանքով:
«Եդինայա Ռոսիա» խմբակցության ղեկավարի տեղակալ Վյաչեսլավ Տիմչենկոն կողմ է արտահայտվել նախաձեռնությանը:
«Դա սովորական հանցագործությունն չէ, դա հանցագործություն է մարդկության հանդեպ, ազգի հանդեպ, ժողովրդի և անձի հանդեպ:
Նման հանցագործությանը ամենայն խստությամբ գնահատական պետք է տա Հաագայի դատարանը»,- հայտարարել է նա:
ՌԴ նախագահի մամլո քարտուքար Դմիտրի Պեսկովը չի բացառել, որ Ուկրաինայում մարդու իրավունքների խախտման փաստեր պարունակող «Սպիտակ գիրքը» կարող է հիմք հանդիսանալ Հաագայի դատարան դիմելու համար: