Թուրքիան՝ դպրոցներում հիջաբի արգելքի շուրջ ստեղծված իրավիճակի ֆոնին, «սրտանց» շնորհավորել է Ադրբեջանին «Անկախության օրվա» կապակցությամբ։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհավորել է Ադրբեջանին, այսպես կոչված, «Անկախության վերականգնման օրվա» կապակցությամբ, որը նշվում է հոկտեմբերի 18-ին։
«Իմ երկրի և իմ ժողովրդի անունից սրտանց շնորհավորում եմ իմ ընկեր և եղբայր Ադրբեջանին Անկախության վերականգնման օրվա առթիվ»,- գրել է Էրդողանը X սոցիալական ցանցում։
Նա նաև շնորհավորանքներ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և երկրի քաղաքացիներին՝ նրանց անվանելով «ադրբեջանցի թուրք եղբայրներ և քույրեր»։
«Մենք միշտ միասին ենք թե՛ վշտի, թե՛ ուրախության մեջ»,- հավելել է Թուրքիայի առաջնորդը։
Շնորհավորական ուղերձով հանդես է եկել նաև Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը։
Բաքվում Թուրքիայի դեսպանատունը հերքել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հասցեին հնչած մեղադրանքները, որոնք հայտնվել էին ադրբեջանական Qafqazinfo պարբերականի հրապարակման մեջ։ Հոդվածում պնդվում էր, որ Ադրբեջանում գործող թուրքական կազմակերպությունները կարող են զբաղվել հետախուզական գործունեությամբ և միջամտել երկրի ներքին գործերին։ Նյութը հետագայում հեռացվել է։
Qafqazinfo-ն գրել էր, որ Ֆիդանը Բաքու այցի ընթացքում այցելել է Երիտասարդության աջակցության հիմնադրամ (GYF) և, իբր, դրա ներկայացուցիչներին տվել է որոշակի ցուցումներ։ Պարբերականը այս հանդիպումը կասկածելի էր անվանել «Թուրքիայից Ադրբեջանի դեմ տեղեկատվական հարձակումների ֆոնին»։
Հրապարակման հեղինակները նաև GYF-ին և թուրքական այլ ոչ կառավարական կազմակերպություններին, այդ թվում՝ IHH-ին, TİKA-ին և Aziz Mahmud Hüdayi հիմնադրամին, մեղադրել են Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության (MİT) հետ կապերի մեջ։ Պարբերականի վարկածով, այս կառույցները մարդասիրական գործունեության քողի տակ տարածում են իշխող Արդարություն և զարգացում կուսակցության (AKP) գաղափարախոսությունը, տեղեկատվություն հավաքում և արտերկրում ազդեցության ցանց ձևավորում։
Ադրբեջանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հակամարտությունը սրվել է այն բանից հետո, երբ Բաքուն արգելել է պետական դպրոցներում հիջաբ կրելը։ Թուրքիայում իշխող Արդարություն և զարգացում կուսակցության ներկայացուցիչները քննադատել են այդ որոշումը, իսկ ադրբեջանական իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցությունը նրանց մեղադրել է զրպարտչական հայտարարությունների և երկրի ներքին գործերին միջամտելու մեջ։ Տարաձայնություններն անդրադարձել են նաև Բաքվի և Իսրայելի հարաբերություններին, որոնք ևս թուրք քաղաքական գործիչների քննադատության թիրախ են դարձել։



























