Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախցիները պատրաստվում են կրկին դիմել իշխանությանը․ առաջնային երեք խնդիր է առանձնացվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 13-ին ՀՀ Ազգային ժողովում իշխող ուժի ներկայացուցիչների հետ տեղի ունեցած քննարկումից հետո պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ հանդիպմանը մասնակցած արցախցիները պետք է հստակեցնեն բռնի տեղահանված արցախցիների առաջնային խնդիրներն ու ներկայացնեն դրանք իշխանությանը։

ArmLur.am-ի տեղեկություններով՝ արցախահայության խնդիրները ներկայացնող խումբն արդեն առանձնացրել է առաջնային երեք հարց և պատրաստվում է այս շաբաթ դիմել իշխող ուժին՝ հնարավորինս սեղմ ժամկետում նոր հանդիպում կազմակերպելու նպատակով։ Այս պահին խումբն սպասում է իշխանության պատասխանին, որպեսզի առաջիկա օրերին հստակեցվեն հանդիպման օրն ու ժամը։

Մեր տեղեկություններով՝ առանձնացված առաջնային հարցերից առաջինը 2023 թվականի սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած պայթյունից տուժած քաղաքացիների հստակ կարգավիճակի սահմանումն է։

Երկրորդ խնդիրը վերաբերում է բնակապահովման պետական ծրագրի խնդրին և 1-3 անձից բաղկացած ընտանիքների՝ ծրագրից օգտվելու ընթացքում առաջացող խնդիրներին։ Երրորդ ուղղությունը բնակապահովման ծրագրի ընդհանուր բարելավումն է՝ հաշվի առնելով բռնի տեղահանված արցախցիների կարիքներն ու ծրագրի կիրառման ընթացքում ի հայտ եկած խնդիրները։

ArmLur.am-ի տեղեկություններով՝ նախորդ քննարկման ընթացքում իշխանության ներկայացուցիչներն առանձնահատուկ ուշադրություն են դարձրել սեպտեմբերի 25-ի պայթյունից տուժած քաղաքացիներին կարգավիճակ տրամադրելու հարցին։ Ըստ մեր աղբյուրների՝ պայմանավորվածություն է եղել, որ առաջիկա հանդիպումների ընթացքում այս խնդրին հատուկ ուշադրություն դարձվի։

Միաժամանակ, մեր տեղեկություններով, ՀՀ ԱԺ իշխող ուժի հետ հանդիպմանը մասնակցած արցախցիների կողմից առաջարկ է ներկայացվել նաև Արցախի Հանրապետության Ազգային ժողովի բոլոր խմբակցություններին և պետական գործիչներին՝ ստեղծելու համապատասխան հանձնաժողով։ Առաջարկի նպատակն է՝ առաջիկայում լսումներ կազմակերպել և ներկայացնել վերջին երեք տարիների գործունեության վերաբերյալ հաշվետվություն, որպեսզի արցախահայությունը տեղեկացված լինի կատարված աշխատանքների, բարձրացված հարցերի և արդյունքների մասին։

Նանիկ Աղասյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս