Armenian text to speach

Տուն՝ Կենտրոնում, միլիոնների եկամուտ․ ի՞նչ է հայտարարագրել ՔՊ-ական պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի իշխանական պատգամավորների կենսագրությունն ու ունեցվածքը ներկայացնելու շարքում «Ժողովուրդ» օրաթերթն այս անգամ ուսումնասիրել է Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանի՝ 2025 թվականի տարեկան հայտարարագիրը՝ պարզելու, թե ինչ գույք, դրամական միջոցներ և եկամուտներ է նա հայտարարագրել։

Քաղաքական գործունեություն
Հռիփսիմե Գրիգորյանը ծնվել է 1988 թվականի սեպտեմբերի 18-ին։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, ապա՝ Կենտրոնական եվրոպական համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետը՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան։
2019-2021 թվականներին եղել է Ազգային ժողովի պատգամավոր «Իմ քայլը» դաշինքի ցուցակով, իսկ 2021-2026 թվականներին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով։ 2026 թվականի հունիսի 7-ին կրկին ընտրվել է պատգամավոր՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով։
Նշենք, որ Գրիգորյանի ամուսինը՝ Դավիթ Կարապետյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարն է։

Անշարժ գույք
Հռիփսիմե Գրիգորյանը Երևանի Կենտրոն վարչական շրջանում ունի անհատական բնակելի տան՝ հողամասով և տնտեսական շինություններով, մեկ երրորդ բաժնեմասը։ Գույքը հայտարարագրում նշված է որպես 2025 թվականի ընթացքում առկա անշարժ գույք, ձեռքբերման ամսաթիվը՝ 2025 թվականի հուլիսի 21-ը, իսկ ձեռքբերման եղանակը՝ այլ։
Բացի այդ, նա նույն վարչական շրջանում ունի հողամասի մեկ երրորդ բաժնեմասը, որը ձեռք է բերել 2020 թվականի հունիսի 18-ին՝ նվիրատվությամբ։ Նույն օրը նվիրատվությամբ ձեռք է բերել նաև ավտոտնակի մեկ երրորդ բաժնեմասը, սակայն այդ ավտոտնակը ներառված չէ տարվա վերջում առկա անշարժ գույքի ցանկում։

Դրամական միջոցներ
Պատգամավորի բանկային հաշիվներում 2025 թվականի տարեվերջին եղել է 2,827,767.39 դրամ և 223.92 եվրո։ Տարվա սկզբին նրա դրամային հաշիվներում եղել է 570,511 դրամ, իսկ եվրոյով հաշվի մնացորդը զրոյական է եղել։
Կանխիկ դրամական միջոցներ տարվա սկզբի և վերջի դրությամբ հայտարարագրված չեն։

Եկամուտներ
2025 թվականի ընթացքում Հռիփսիմե Գրիգորյանը ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմից ստացել է 12,820,416 դրամ աշխատավարձ։ Բացի այդ, ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացել է 2,685,008 դրամ եկամտային հարկի վերադարձ։
Նրա հայտարարագրած ընդհանուր եկամուտը կազմել է 15,505,424 դրամ։

Սոնա Գրիգորյան




Լրահոս