Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արյան պաշարի լուրջ պակաս կա Հայաստանի հիվանդանոցներում. ահազանգ. ArmLur.am

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի բացառիկ տեղեկություններով՝ Հայաստանում արյան պաշարների հետ կապված լուրջ խնդիր է առաջացել հիվանդանոցներում:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ քաղաքացիները ՀՀ տարբեր հիվանդանոցներ, երբ դիմում են արյան պաշարի համար, մերժում եմ ստանում, ասելով, որ արյուն չունեն:

Ստեղծված իրավիճակի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով դիմել ենք ՀՀ առողջապահության նախարարություն։

Նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը մեզ փոխանցեց.

«Շաբաթական միայն մեր Յոլյան կենտրոնի կողմից տրամադրվում է շուրջ 350-ից 400 պարկ արյան բաղադրամաս։ Բացի այդ, մշտապես առկա է անձեռնմխելի արյան պետական պաշար՝ արտակարգ իրավիճակների ժամանակ օգտագործելու համար։ Իհարկե, արյան պահանջարկն այսօր շատ մեծ է, և երբեմն կարող է առաջանալ որևէ խմբի պակաս։ Արյան պաշարները անընդհատ համալրման կարիք ունեն, և այդ ուղղությամբ տարվում են ամենօրյա և բազմակողմանի աշխատանքներ՝ համոզելով մարդկանց արյուն հանձնել, քանի որ բացի առողջ մարդուց՝ արյան այլ աղբյուր չկա»,– հայտնել է նախարարի խոսնակը։

Հայաստանում արյան պաշարների հնարավոր պակասի հարցը լուրջ մտահոգության տեղիք է տալիս։ Խոսքը մի ռեսուրսի մասին է, որի առկայությունից կարող են կախված լինել հիվանդների կյանքն ու առողջությունը։ Արյան կարիք կարող են ունենալ վիրահատության ենթարկվողները, վթարներից տուժածները և տարբեր հիվանդություններով պայմանավորված՝ արյան փոխներարկման կարիք ունեցող պացիենտները։

Արյան դոնորությունը կարևոր է, և պաշարների համալրումը հասարակության մասնակցություն է պահանջում։ Սակայն խնդիրը միայն քաղաքացիներին արյուն հանձնելու կոչ անելով չի սահմանափակվում․ անհրաժեշտ է նաև հստակ պատկերացում ունենալ առկա պաշարների, պահանջարկի և հնարավոր պակասի ծավալների մասին։

Սոնա Գրիգորյան




Լրահոս