Ինչպես հայտնի է, ՀՀ Ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության տեսչությունը պարզել է «որ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրինությունը կանխամտածված ցածր եկամուտ է ցույց տվել« ինչի արդյունքում Մշակույթի նախարարությունից չհիմնավորված բարձր սուբսիդիաներ է ստացել:
Օրինակ` տոմսերի վաճառքից կանխատեսվող եկամուտները հաշվարկելիս մեկ տոմսի միջին գինն ընդունվել է նախորդ տարիների փաստացի միջին գնից էլ ցածր: Բացի այդ, թատրոնը որոշ ներկայացումների (օրինակ՝ Բիզեի «Կարմեն» օպերայի) դիմաց գումար է ստացել, բայց բեմադրությունը չի իրականացրել:
Ինչպես armlur.am-ի հետ զրույցում ասաց թատրոնի նախկին տնօրեն, այժմ մշակույթի նախարարի խորհրդական Կամո Հովհաննիսյանը, տոմսերի գինը նախատեսում են տարեսկզբին` ամբողջ տարվա համար. «Աիդա»,«Սպարտակ»,«Սայաթ-Նովա» ներկայացումների հանդեպ հանդիսատեսի հետաքրքրությունն ավելի շատ էր, եւ այդ տարիներին գները մի քիչ բարձր էինք նախատեսել, իսկ մյուս տարիներին, երբ այդ պրեմիերաներն անցել էին, գները ցածրացրել ենք: Ներկայացումների տոմսերի գների տարբերությունը պայմանավորված է միայն դրանով»,- պարզաբանեց թատրոնի նախկին տնօրենը:
Ինչ վերաբերում է «Կարմեն»-ի բեմադրության ուշացմանը, ապա ըստ Հովհաննիսյանի՝ դրա գումարը կա, արդեն նույնիսկ տենդեր էին հայտարարել, բայց գեղարվեստական խորհրդի վերջին քննարկման ժամանակ պարզվել է, որ հագուստները, դեկորները փոփոխության կարիք ունեն, եւ դրանք պետք է շատ ավելի լավը լինեն, քան 15 տարի առաջ: Որոշել են դրանց էսքիզները փոխել ավելի գեղեցիկով, նրբաճաշակով, ժամանակակիցով, եւ դրա համար պրեմիերան հետաձգվել է:
Նախկին տնօրենը խոստովանեց, որ, իհարկե, խախտվել է ժամանակացույցը, բայց` «Մենք մտածել ենք՝ ոչինչ, թող նկատողություն ստանանք, կամ մեզ ասեն, որ լավ չենք աշխատում, բայց արդյունքում ունենանք ավելի լավ, ժամանակակից ներկայացում»:
Հիշեցրեցինք, որ տարիներ առաջ էլ «Սայաթ-Նովա»-ն էր անընդհատ հետաձգվում: «Այն ժամանակ դեռեւս ողջ էր Ալեքսանդր Հարությունյանը, ով չէր հավանում ռեԺիսորի աշխատանքը, նոր ռեժիսոր էր գալիս, աշխատում, սակայն էլի ինչ-որ հարցում ընդհանուր հայտարարի չէին գալիս… Ֆինանսների նախարարությունն անցյալ տարի է կատարել ստուգումները, մեզ ներկայացրել համապատասխան ակտը, որտեղ արձանագրված են որոշակի թերացումներ, բացթողումներ, որոնց մի մասն արդեն շտկվել է: Բայց դրանք չարաշահումներ չեն՝ ինչպես ոմանք գրում են»,- վստահեցրեց նախկին տնօրենը:
Իսկ թե ինչ է մտածում ՀՀ մշակույթի նախարարությունը, կներկայացնենք հաջորդիվ:
Ռ. ԹԱԹՈՅԱՆ