Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանի և Մոսկվայի միջև համագործակցությունն այժմ պատմության մեջ ամենասերտն է։ Այս մասին նա գրել է X սոցիալական ցանցում՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ Թեհրանում կայացած բանակցություններից հետո։
«Մեր պատմության մեջ երբեք Իրանը և Ռուսաստանը չեն համագործակցել այնքան սերտորեն, որքան հիմա»,– գրել է Արաղչին երեքշաբթի առավոտյան։
Նրա խոսքով՝ Լավրովի հետ քննարկել են մի շարք հարցեր՝ Եվրոպայից մինչև Արևմտյան Ասիա, այդ թվում՝ Լիբանանի, Պաղեստինի, Ուկրաինայի և Եմենի իրադրությունը։
«Մենք նաև կենտրոնացել ենք տնտեսական և միջուկային համագործակցության ընդլայնման վրա»,– նշել է Իրանի արտգործնախարարը՝ բանակցությունները որակելով ժամանակին։
Սերգեյ Լավրովը Թեհրան էր ժամանել երկուշաբթի՝ Բահրեյնից, որտեղ մասնակցել էր Ռուսաստանի և Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի միջև ռազմավարական երկխոսության իններորդ փուլին։
ՌԴ ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ այցի ընթացքում կողմերն ընդգծել են քաղաքական երկխոսության ակտիվ բնույթը, ինչպես նաև կառավարությունների, ոլորտային կառույցների, խորհրդարանների, տարածաշրջանների և գործարար շրջանակների միջև սերտ համագործակցությունը։
Այցի շրջանակում Լավրովին ընդունել է նաև Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Նա բանակցություններ է վարել Աբբաս Արաղչիի հետ, ինչպես նաև հանդիպել Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզայիի հետ։




























