Մայիսի 3-ին Բեռլինի «Velodrom» մարզապալատում կայացավ հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի եւ Չեռնոգորիան ներկայացնող Նիկոլա Սյեկլոչայի մենամարտը: Մեր հայրենակիցը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթեց մրցակցին՝ պաշտպանելով աշխարհի չեմպիոնի տիտղոսը: armlur.am-ը հաղթանակից հետո զրուցել է Արթուր Աբրահամի հետ:
-Շնորհավորում ենք գրագետ մենամարտի եւ գեղեցիկ հաղթանակի կապակցությամբ:
-Շատ շնորհակալ եմ:
-Դուք նաեւ բռնցքամարտի մենամարտեր եք մեկնաբանում: Համառոտ` ինչպե՞ս կմեկնաբանեք Ձեր մենամարտը:
-Եթե մեկնաբանեմ ոչ որպես մենամարտի մասնակից, այլ որպես մեկնաբան, ապա պետք է նշեմ, որ առաջին ռաունդներում բռնցքամարտիկներն ուսումնասիրում էին միմյանց, այնուհետեւ մոտ 2 ռաունդ ռինգում հավասար պայքար էր. ակնհայտ էր, որ երկուսն էլ հիանալի ուսումնասիրել են միմյանց մարտավարությունները: Սյեկլոչան բավականին հաջող էր գործում տարածության վրա:
12 ռաունդ տեւած մենամարտի ավարտին արդեն ակնհայտ էր, թե առավելությունը մարզիկներից ում կողմն է: Իսկ եթե մենամարտը մեկնաբանեմ արդեն որպես մասնակից, ապա չեմ կարող չնշել, որ խնդիր ունեի, հիմա էլ ունեմ. աջ ձեռքս ավելի քան 2 ամիս վնասվածք ունի, որն ստացել եմ Ռոբերտ Շտիգլիցի հետ մենամարտելու ժամանակ: Ահա ինչու միայն ձախ ձեռքով էի մենամարտում, եւ դա հեշտ չէր:
–Ոմանց թվաց, թե Դուք ցանկացաք քիչ էներգիա ծախսելով հաղթել եւ հասաք Ձեր նպատակին:
-Նման նպատակ չեմ հետապնդել, ինձ համար կարեւորը հաղթելն է, ամեն գնով հաղթանակի հասնելը: Գուցե այդ տպավորությունը ստեղծվել է հենց վերոնշյալ հանգամանքից ելնելով. նկատի ունեմ միայն ձախով մենամարտելը:
– Ի՞նչ կասեք մրցակցի մասին:
-Ուժեղ էր« պատրաստված, շարժուն, համառ, դիմադրող, լավ ուսումնասիրել էր իմ մարտավարությունը:
-Ինչպե՞ս եք կազմակերպելու Ձեր հանգիստը, ե՞րբ եք գալու Հայաստան:
-Ինչպես ամեն անգամ, այս մենամարտից հետո էլ կգամ Հայաստան, սակայն դեռ օրը հստակ չէ: Այնուհետեւ կմեկնեմ Սինգապուր՝ դարձյալ հանգստանալու:
-Հեռուստատեսությամբ նշվեց, որ «Վիտամին» ակումբի Գարիկի հետ մեկնելու եք Դանիա, որտեղ երկրպագելու եք «Եվրատեսիլ»-ի Հայաստանի ներկայացուցիչ Արամ MP-3-ին: Ի՞նչ կարծիք ունեք Արամի երգի եւ ընդհանրապես նրա գործունեության մասին:
-Չէ, չեմ մեկնելու Դանիա: Արամ MP3-ի երգն էլ, նրա ձայնային տվյալներն էլ լավն են: Հուսանք` կհաղթի:
-Ձեր մենամարտից առաջ ելույթ է ունենում ռոք խումբ: Ի՞նչ խումբ է:
-Գերմանիայում ճանաչված եւ սիրված«Edguy» ռոք խումբն է, որը բազմաթիվ ձայնասկավառակներ ունի, համերգներով է հանդես գալիս:
-Ցանկություն չունե՞ք Ձեր որեւէ մենամարտի ժամանակ հրավիրել հայաստանյան ռոք խմբի: Չնայած, որքան գիտեմ, այդ հարցը որոշում են կազմակերպիչները:
-Նման հարցերով զբաղվում են կազմակերպիչները, ես ոչ մի առնչություն չեմ ունենում, բայց իհարկե, դեմ չեմ լինի, միայն ուրախ կլինեմ, եթե իմ մենամարտին նախորդի հայկական խմբի կամ անհատ կատարողի ելույթ:
-Ընդհանրապես ինչպիսի՞ երաժշտություն եք նախընտրում լսել:
-Լսում եմ բազմաժանր երաժշտություն` դասականից մինչեւ հայկական ուրախ երգեր: Երաժշտության ընտրությունը կապված է օրվա ժամի եւ իմ տրամադրության հետ, բայց ամեն առավոտ արթնանում եմ Շառլ Ազնավուրի «Բոհեմ» երգի հնչյունների ներքո:
Ռ. ԹԱԹՈՅԱՆ