Armenian text to speach

Պատուհան փոխելու համար՝ էսքիզ, չափագրող, շինթույլտվությո՞ւն․ ինչո՞ւ է քաղաքացին ստիպված անցնել բյուրոկրատական այս ճանապարհը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեփական բնակարանի պատուհանը փոխելը վերածվո՞ւմ է երկարատև վարչարարության և լրացուցիչ ծախսերի։ Երևանի քաղաքապետարանի պարզաբանմամբ՝ որոշ դեպքերում քաղաքացիները պետք է էսքիզային նախագիծ ներկայացնեն, իսկ շինթույլտվության անհրաժեշտությունը կախված է կատարվող փոփոխություններից։ Սակայն հարց է առաջանում՝ ինչո՞ւ սովորական նորոգումը պետք է սկսվի փաստաթղթային ընթացակարգից։

ArmLur.am-ը քաղաքացիներից ահազանգ է ստացել, որ սեփականության իրավունքով իրենց պատկանող բնակարանում պատուհանները փոխելու համար բախվել են շինթույլտվություն ստանալու պահանջի։ Քաղաքացիներից մեկի խոսքով՝ խնդիրը միայն փաստաթղթերը չեն․ չափագրող ընկերությունների առաջարկած ծառայությունների արժեքը, նրա պնդմամբ, հասնում է անգամ նոր պատուհանների գնից գրեթե երկու անգամ ավելի գումարի։

Այսպիսով՝ բնակարանի սեփականատերը, որը ցանկանում է պարզապես փոխարինել հին պատուհանը նորով, կարող է կանգնել լրացուցիչ ծախսերի, փաստաթղթային քաշքշուկի և սպասման առաջ։ Ընդ որում՝ քաղաքացիների բարձրացրած հարցերից մեկն այն է, թե ինչո՞ւ պետք է նման գործընթաց անցնել այն դեպքում, երբ պատուհանի չափերը չեն փոխվում, իսկ շենքի արտաքին տեսքը՝ ըստ իրենց գնահատականի, չի փոփոխվում։

Հարցը բարձրացվել է նաև Երևանի ավագանու սեպտեմբերի 8-ի նիստում․ դրան անդրադարձել է ավագանու անդամ Արման Բաբաջանյանը։

ArmLur.am-ը պարզաբանում ստանալու նպատակով կապ է հաստատել Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության ղեկավարի տեղակալ Վարդգես Հովակիմյանի հետ։

Քաղաքապետարանի ներկայացուցչի պարզաբանմամբ՝ հին պատուհանները նորերով փոխարինելը համարվում է ընթացիկ նորոգման և ներքին հարդարման աշխատանք։ Այդուհանդերձ, քաղաքացին պետք է ներկայացնի էսքիզային նախագիծ, որը դիտարկվելուց և համաձայնեցվելուց հետո պարզ կդառնա՝ տվյալ դեպքում շինթույլտվություն պահանջվո՞ւմ է, թե՞ ոչ։

Ըստ Հովակիմյանի՝ շինթույլտվության անհրաժեշտությունը հիմնականում առաջանում է այն դեպքերում, երբ նոր պատուհանների չափերը տարբերվում են նախկինից՝ փոփոխելով շենքի ճակատային տեսքը։ Քաղաքապետարանի ներկայացուցիչը քաղաքացիներին խորհուրդ է տվել ծանոթանալ ՀՀ կառավարության N 596-Ն որոշմանը։

Սակայն այստեղ մնում է առանցքային հարցը․ եթե պատուհանների չափերը չեն փոխվում, և աշխատանքը չի հանգեցնում շենքի ճակատի փոփոխության, ինչո՞ւ է անհրաժեշտ էսքիզային նախագիծ ներկայացնել։ Եվ եթե համաձայնեցման ընթացակարգը պարտադիր է, ո՞րն է դրա հստակ ժամկետը, որքա՞ն կարող է այն արժենալ քաղաքացու համար, և ի՞նչ երաշխիք կա, որ դիմումը չի մերժվի։

Խնդիրը միայն պատուհանները փոխելու մասին չէ։ Այն առնչվում է սեփական բնակարանում սովորական նորոգում իրականացնելու ընթացակարգերի հստակությանը, մատչելիությանը և քաղաքացիների ժամանակի ու ֆինանսական միջոցների խնայողությանը։

Քաղաքապետարանի պարզաբանումը որոշակիություն է մտցնում շինթույլտվության անհրաժեշտության հարցում, բայց քաղաքացիների բարձրացրած գործնական խնդիրները դեռ պատասխանների կարիք ունեն։ Մասնավորապես՝ անհրաժեշտ է հստակեցնել, թե որ դեպքերում էսքիզային նախագիծը պարտադիր է, ինչ փաստաթղթեր են պահանջվում, ինչ ժամկետներում է այն համաձայնեցվում և ինչ վճարներ կարող են առաջանալ։

Մինչ այդ բնակարանի սեփականատիրոջ համար պարզ թվացող հարցը շարունակում է մնալ վարչարարական խնդիր․ հին պատուհանը նորով փոխարինելուց առաջ նա պետք է պարզի ոչ միայն դրա գինը, այլև այն, թե ինչ ընթացակարգեր ու լրացուցիչ ծախսեր են իրեն սպասում։

Աննա Հանյան




Լրահոս