«Ժողովուրդ». Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում
Աննա Հակոբյանի նախաձեռնած արշավը, կարծես թե, Նիկոլ Փաշինյանի հավանությանն արժանանալու խնդիր ունի։ Չնայած վերջինս այս ընթացքում ակտիվ շրջում է տարբեր բուհերում և մարզերում՝ փորձելով առաջ տանել իր նախաձեռնությունը՝ ընդդեմ ընտանեկան բռնության շարժումը, ստորագրահավաքների ընթացքը, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների, այնքան էլ ոգևորիչ չէ։
Իշխանական շրջանակներից «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցում են, որ արշավի նկատմամբ հետաքրքրության ոչ բավարար լինելը կարող է պայմանավորված լինել նաև այն հանգամանքով, որ այն Նիկոլ Փաշինյանի կողմից դեռևս քաղաքական հստակ աջակցություն չի ստացել։
Ստացվում է՝ Աննա Հակոբյանը փորձում է սեփական նախաձեռնությամբ հանրային ակտիվություն ապահովել, սակայն առանց իշխանության առաջին դեմքի հստակ աջակցության՝ գործընթացը ցանկալի արդյունքը չի տալիս։ Իսկ եթե նույնիսկ իշխանական թիմի ներսում նախաձեռնության նկատմամբ ոգևորությունը բավարար չէ, ապա հարց է առաջանում՝ որքանո՞վ կարող է այն լայն արձագանք ստանալ հասարակության շրջանում։
«Ժողովուրդ». Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ
Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը մեծ ցանկություն ունի առաջիկայում կրկին ստանձնելու Մեծամորի համայնքապետի պաշտոնը։ Իշխանական համակարգում սպասվող փոփոխությունների ֆոնին մարզպետների համար հարց է առաջանում՝ ո՞ր պաշտոնում շարունակել քաղաքական կարիերան, եթե մարզպետարանների ներկայիս համակարգը վերակազմավորվի և փաստացի լուծարվի։ Բանն այն է, որ իշխանությունը քննարկում է տարածքային կառավարման համակարգի փոփոխության և մարզպետարանների կառուցվածքի վերափոխման հարցը։
Օգոստոսին մամուլում հրապարակումներ եղան նաև մարզպետների լիազորությունների կրճատման և նոր համակարգի ձևավորման հնարավորության մասին։ Այս ֆոնին, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների, Վահրամ Խաչատրյանը ցանկանում է իր հետագա պաշտոնավարման հարցը լուծել՝ վերադառնալով այն համայնք, որտեղից էլ սկսել է իր քաղաքական վերելքը։
Վահրամ Խաչատրյանը նախկինում եղել է Հանրապետական կուսակցության անդամ և 2016 թվականին ընտրվել Նորապատ համայնքի ղեկավար։ 2018 թվականի՝ իշխանափոխության օրերին նա հայտարարել էր, որ հրաժարվում է ՀՀԿ-ից։ Հետագայում դարձավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ։
ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ»
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը որոշել է հեռացնել Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանին։ Կուսակցության վարչության նիստում կայացված այս որոշումը նոր հարցեր է առաջացնում հատկապես այն հանգամանքի ֆոնին, որ Ստեփանյանի անունը նախկինում հայտնվել էր համայնքային միջոցների ենթադրյալ հափշտակության և պաշտոնեական կեղծիքի վերաբերյալ քրեական գործի շրջանակում։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ից հեռացումը կապված է նրա կուսակցական կարգապահության հետ։ Թե կոնկրետ ինչ է արել, չեն մանրամասնում, բայց փաստ է, որ Արթուր Ստեփանյանը համայնքային կառավարման համակարգում նորեկ չէ։ Նա տարիներ շարունակ ղեկավարել է Քարագլուխ համայնքը, իսկ 2017 թվականին դարձել է խոշորացված Եղեգիս համայնքի ղեկավարը։ 2022 թվականի ՏԻՄ ընտրություններում նա արդեն ՔՊ-ի ցուցակով էր պայքարում համայնքապետի պաշտոնի համար։
«Հրապարակ»․ Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում այսօր քննարկվելու է Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ TRIPP-ի վերաբերյալ կնքված ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը։ Նախագիծը խորհրդարանում ներկայացնելու է արտաքին գործերի եւ միջազգային առեւտրի նախարար Արարատ Միրզոյանը, որն ավելի վաղ հայտարարել էր, որ TRIPP ընկերությունը Հայաստանի տարբեր գոտիներում կկարողանա հիմնել դուստր ընկերություններ եւ ձեռք բերել կառուցապատման իրավունք։
Ընկերության բաժնետոմսերի 74 տոկոսը կպատկանի ամերիկյան կողմին, 26 տոկոսը՝ ՀՀ-ին։ 49 տարվա ժամկետի ավարտից հետո այն հնարավոր կլինի երկարաձգել եւս 50 տարով։
«Իրավունք». ՔՊ-ն ողջ ռեսուրսը կենտրոնացրել է Ստեփանավանի ու Արթիկի վրա. «Աստված չանի, ՔՊ–ն չանցնի»
ՔՊ-ն ողջ ռեսուրսը կենտրոնացրել է Ստեփանավանի ու Արթիկի վրա։ Իշխանություններին մոտ կանգնած աղբյուրների համաձայն՝ մարզպետներին զգուշացվել է` Աստված չանի, ՔՊ-ն չանցնի, նույն գիշերը դիմումներդ կգրեք»։
Մանրամասները՝ տեսանյութում․



























