«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ստեփանավանում առաջիկա ՏԻՄ ընտրություններին ընդառաջ իրավապահների գործողությունների կենտրոնում է հայտնվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը։ Հոկտեմբերի 21-ի առավոտյան հայտնի դարձավ, որ նա ձերբակալվել է։
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հաստատել է, որ Ստեփանավանում խուզարկություններ և այլ վարութային գործողություններ են իրականացվում կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում։ Իրավապահների փոխանցմամբ՝ ձերբակալվել է 14 անձ, սակայն առայժմ պաշտոնապես չեն հրապարակվել նրանցից յուրաքանչյուրի կարգավիճակի և վարույթի մանրամասները։
Ո՞վ է Արսեն Գևորգյանը
Արսեն Գևորգյանը «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Ստեփանավանի համայնքապետի պաշտոնում առաջադրված թեկնածուն է։ Նրա մասին հրապարակված տեղեկություններից հայտնի է, որ նա անհատ ձեռներեց է, Գևորգյանն իր հայտարարագրում նշել է տարեկան 37 միլիոն դրամ եկամուտ։
Նշենք նաև, որ Գևորգյանը հայտարարել է, որ Ստեփանավանում իրեն ճանաչում են բնակիչներին ցուցաբերած աջակցությամբ, սակայն այդ աջակցության բնույթի և ծավալների մասին մանրամասներ չի ներկայացրել։
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը որոշել էր մասնակցել Ստեփանավանի հոկտեմբերի 25-ին նշանակված ՏԻՄ ընտրություններին՝ ցուցակի առաջին համարում առաջադրելով Արսեն Գևորգյանին։
Ստեփանավանում տեղի ունեցող իրադարձություններին քաղաքական գնահատական է տվել «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը։ Նա հայտնել է, որ վաղ առավոտից խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացվում կուսակցության աջակիցների շրջանում՝ իրավապահների գործողությունները որակելով անօրինական։ Կուսակցության ներկայացուցիչները կատարվածը դիտարկում են քաղաքական համատեքստում։
Մինչդեռ Հակակոռուպցիոն կոմիտեն առայժմ միայն հաստատել է քրեական վարույթի շրջանակում իրականացվող գործողությունների և 14 անձի ձերբակալության փաստը։ Գերատեսչությունը չի հրապարակել այնպիսի մանրամասներ, որոնք թույլ կտային հաստատել կամ հերքել քաղաքական շարժառիթների մասին ընդդիմության պնդումները։
Սոնա Գրիգորյան




























