Armenian text to speach

Ինչ է կատարվում դեղերի շուկայում. նոր մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին շրջանում Հայաստանի դեղերի շուկան հայտնվել է թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության ուշադրության կենտրոնում։

Քննարկումների առանցքում դեղերի բարձր գներն են, տեսականու սահմանափակ լինելը և դեղերի գրանցման ընթացակարգերի պարզեցման անհրաժեշտությունը։

Մինչ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունն առաջարկում է Եվրամիության երկրներում գրանցված դեղերի՝ Հայաստանում գրանցման գործընթացը հեշտացնելու օրենսդրական փոփոխություններ, Առողջապահության նախարարությունը պնդում է, որ ինքն էլ այդ ուղղությամբ աշխատանքներ է իրականացնում։

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը հոկտեմբերի 16-ի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ իրենք պատրաստվում են Ազգային ժողով ներկայացնել օրենսդրական նախագիծ, որի նպատակն է Հայաստանում դեղերի գները նվազեցնել 20 տոկոսով և ընդլայնել դրանց տեսականին՝ Եվրամիության երկրներում գրանցված դեղերի՝ Հայաստանում գրանցման ընթացակարգը պարզեցնելու միջոցով։

Կարապետյանի խոսքով՝ Հայաստանում շուրջ 1,3 միլիոն մարդ կանգնած է սնունդ կամ անհրաժեշտ դեղորայք գնելու ընտրության առջև։ Նա նաև բարձրացրել էր դեղերի տեսականու սահմանափակ լինելու հարցը՝ համեմատելով Հայաստանի, հարևան երկրների և եվրոպական պետությունների ցուցանիշները։ Նրա ներկայացրած տվյալներով՝ Հայաստանում ներկայումս գրանցված է շուրջ 3900 անուն դեղ, մինչդեռ եվրոպական երկրներում այդ ցուցանիշը հասնում է շուրջ 25 հազարի։

Խնդրի պատճառը, ըստ Կարապետյանի, միջազգային դեղագործական ընկերությունների արտադրանքի գրանցման համար Հայաստանում սահմանված ծախսատար, բարդ և ժամանակատար ընթացակարգերն են։ Նոր օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է պարզեցնել այդ գործընթացը՝ միջազգային արտադրողների համար հայկական շուկա մուտքն ավելի դյուրին դարձնելու նպատակով։

«Գիտե՞ք՝ ինչ սահմանափակում է մտցրել, որ դեղեր արտադրող միջազգային կորպորացիաները պետք է գան Հայաստան, ամեն դեղի համար վճարեն միլիոնավոր դրամներ և կես տարի սպասեն դեղի գրանցմանը։ Քանի որ Հայաստանի շուկան փոքր շուկա է, նրանք չեն գալիս Հայաստան, և դեղերը չեն գրանցվում Հայաստանում», – ասել էր Կարապետյանը։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն իր հերթին արձագանքել էր Կարապետյանի հայտարարությանը՝ նշելով. «Պարոն Կարապետյա՛ն, լավ թեմա եք ընտրել, բայց մի քիչ հետ եք ընկել»։

Նախարարն իր հրապարակած տեսանյութում պնդել էր, որ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրմամբ Հայաստանում դեղորայքի հասանելիությունը «անգամներով» աճել է։ Ավանեսյանի ներկայացրած տվյալներով՝ այսօր 1 միլիոն 800 հազար քաղաքացի շուրջ 1200 անուն դեղի համար գրեթե ոչինչ չի վճարում։ Նա նաև նշել էր, որ պետությունը ութ ամսվա ընթացքում դեղորայքային ապահովման համար հատկացրել է 25 միլիարդ դրամ։

«Դեղորայքը պետությունը գնում է շատ ավելի նվազ գներով, քան մեջբերում է պարոն Կարապետյանը», – հայտարարել էր նախարարը։

Ավանեսյանը վստահեցրել էր նաև, որ կառավարությունն աշխատում է դեղերի գրանցման ընթացակարգերի պարզեցման ուղղությամբ և պատրաստ է այդ հարցը քննարկել «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչների հետ։

Միևնույն ժամանակ, Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակված է կառավարության 162-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու նախագիծ։ Դրանով առաջարկվում է դեղերի գրանցման պարզեցված ընթացակարգի ժամկետը 31 օրից կրճատել մինչև 10 օր։

Իսկ որքանո՞վ կարող են այս փոփոխությունները լուծել Հայաստանի դեղերի շուկայում առկա խնդիրները։ ArmLur.am-ն այս հարցերի շուրջ զրուցել է Անկախ դեղատների ասոցիացիայի նախագահ Արթուր Խաչատրյանի հետ, որը մշտապես ուսումնասիրում է ոլորտը։

31 օրվա փոխարեն՝ 10 օր․ կլուծվի՞ դեղերի գրանցման խնդիրը

Անդրադառնալով կառավարության մշակած՝ գրանցման ընթացակարգը պարզեցնելու նախագծին՝ Արթուր Խաչատրյանը նշեց, որ իրենք մի շարք հարցումներ են ուղարկել Առողջապահության նախարարություն՝ պարզելու, թե վերջին երկու տարվա ընթացքում պարզեցված՝ 31-օրյա ընթացակարգով քանի անուն դեղ է գրանցվել։

«Մեզ պատասխանեցին, որ այդ 31 օրում շատ քիչ դեղեր են գրանցվել։ Պատճառները տարբեր են։ Բայց կառավարությունն ասում է, որ այդ 31 օրը կրճատում են մինչև 10 օր։ Դրա հետ կապված՝ ես անձամբ որոշակի կասկածներ ունեմ, որովհետև եթե վերջին երկու տարվա ընթացքում 31-օրյա ժամկետում այդքան քիչ դեղ է գրանցվել, 10 օրում ինչպե՞ս պետք է գրանցվի, եթե փաստաթղթային այլ փոփոխություններ չեն նախատեսվում», – ասաց Խաչատրյանը։

Նրա գնահատմամբ՝ միայն ժամկետների կրճատումը բավարար չէ, եթե չեն վերացվում այն հիմնական խոչընդոտները, որոնք արտադրողներին հետ են պահում հայկական շուկա մուտք գործելուց։

Ապահովագրություն կա, բայց անհրաժեշտ դեղը՝ ոչ

Անդրադառնալով Անահիտ Ավանեսյանի ներկայացրած՝ համընդհանուր առողջության ապահովագրության համակարգի թերություններին՝ Արթուր Խաչատրյանը որպես լուրջ խնդիր առանձնացրեց դեղերի պակասը։

Նրա խոսքով՝ կարող են լինել դեպքեր, երբ բժիշկը հիվանդին նշանակում է անհրաժեշտ դեղամիջոց, սակայն այն Հայաստանում գրանցված չէ և, հետևաբար, հասանելի չէ։

«Բժիշկը փորձում է դեղ նշանակել, բայց արի ու տես՝ տվյալ դեղը գրանցված չէ։ Եթե բժիշկը գիտի, որ այսինչ դեղը պետք է նշանակի, նշանակում է այն, բայց այդ դեղը գոյություն չունի Հայաստանում, ո՞նց պետք է բուժվի տվյալ մարդը։ Աբսուրդ է դա։ Դեղորայքը ապահովագրության անբաժանելի մասն է, բայց այդ դեպքերում ապահովագրման ամբողջ սխեման չի աշխատում», – ասաց նա։

Այսպիսով՝ ըստ Խաչատրյանի՝ դեղերի ֆինանսական հասանելիության ապահովումը, Հայասատանում դեղերի դեֆիցիտը դեռ շարունակում են լուրջ խնդիրնեն մնալ, որոնք համալիր լուծումներ են պահանջում։ Առանցքային հարցը մնում է այն, թե արդյոք իշխանության կամ ընդդիմության առաջարկած նախագծերը կկարողանան տալ այդ լուծումները։

Աննա Հանյան




Լրահոս