Armenian text to speach

Ինչու հայ գերիների նամակները չեն հասնում իրենց հասցեատերերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մի քանի օր առաջ ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը LIBERTAS միջազգային համաժողովի ժամանակ հայ գերիներին վերաբերող բազմաթիվ խնդիրների հետ նաև բարձրաձայնեց, որ նրանք զրկված են նամակներ ստանալու և ուղարկելու հնարավորությունից։

Նա փաստում էր, որ Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, նախաձեռնություն էր սկսել, որտեղ գերիներին նամակ ուղարկելու մտադրություն ունեցող անձինք կարող էինք որոշակի հասցեներով ուղարկել իրենց նամակները, որոնք հավաքագրվել էին կառավարությանը հանձնելու նպատակով։

Կառավարության հոկտեմբերի 15-ի նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ArmLur.am-ի լրագրողը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց, որը վերաբերում էր Բաքվում պահվող հայ գերիներին հասցեագրված 1254 նամակներին, որոնք  փոխանցվել էին կառավարությանը։ Քաղաքացիները խնդրել էին, որ Փաշինյանը միջնորդի, որ նամակները հասնեն հասցեատերերին։ Լրագրողը հետաքրքրվեց՝ արդյոք Փաշինյանը պատրաստվում է անել այդ խնդրանքը, ինչին վարչապետը պատասխանեց։

«Ես ճիշտն ասած չգիտեմ, թե ինչ որոշում է կայացվել, բայց տարօրինակ է՝ եթե նամակ կա, ինչո՞ւ փոստով չեն ուղարկում։ Այդտեղ նրբություններ կան, այսինքն՝ 1000 նամակ տալ կառավարությանը, ասել՝ նամակները տարեք, ինչքանո՞վ է տրամաբանական»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը։

Սակայն Սիրանուշ Սահակյանը իր ելույթում նշեց, որ իրենք փոստով գերիներին նամակ ուղարկելու բազմաթիվ փորձեր արել են, սակայն «Հայփոստը» հրաժարվում է որևէ նամակ ուղարկել, որը կապված է ՀՀ-ից դեպի Ադրբեջան կոմունիկացիայի հետ։

Sputnik Արմենիայի թղթակիցը շարքային քաղաքացի ներկայանալով փորձել էր ճշտել՝ արդյոք հնարավոր է Հայաստանից Ադրբեջան նամակ ուղարկել։ «Հայփոստից» նրան պատասխանել էին, որ նման ծառայություն իրենց մոտ հասանելի չէ և երբեք էլ հասանելի չի եղել։

ArmLur.am-ը իր հերթին փորձեց ստանալ «Հայփոստի» պաշտոնական պարզաբանումը Սիրանուշ Սահակյանի հայտարարության վերաբերյալ։
Հայփոստի մամուլի խոսնակը մեզ հետ զրույցում ասաց, որ զանգով չի կարող պարզաբանում տալ և առաջարկեց գրել իրենց պաշտոնական էլեկտրոնային հասցեին։ Սակայն մինչև հիմա պատասխան չենք ստացել։

Երեկ ArmLur.am-ի թղթակիցը նամակների հարցը բարձրաձայնեց ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանի ճեպազրույցի ժամանակ։ Միրզոյանը նշեց, որ իր կարծիքով նամակները պետք է փոխանցվեն։

«Մենք ադրբեջանական կողմի հետ ուղիղ քննարկում ենք՝ այդ մարդիկ իրենց իրավական կարգավիճակով դատապարտյալ են, թե գերի, ունեն այդ նամակագրության իրավունքը, տեսակցությունների իրավունքը, թե ոչ։ Կարծում եմ, որ այդ փոստը պետք է տրամադրվի»,- պատասխանեց Միրզոյանը։

Այսպիսով՝ 1254 նամակ փոխանցվել է կառավարությանը՝ Բաքվում պահվող հայ գերիներին հասցնելու ակնկալիքով։ Սակայն, քանի դեռ դեպի Ադրբեջան նամակների առաքման հնարավորությունը բացակայում է, իսկ կառավարության միջնորդության հարցը մնում է անորոշ, պարզ չէ՝ ինչպե՞ս են այդ նամակները հասնելու հասցեատերերին։

 

Աննա Հանյան




Լրահոս