Ֆրանսիայում հոկտեմբերի 17-ի անկարգություններից հետո ձերբակալվածների ընդհանուր թիվը հասել է 2700-ի։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է երկրի արդարադատության նախարար Ժերալդ Դարմանենը՝ Փարիզի տարածաշրջանի Էսոն դեպարտամենտում գտնվող Ֆլերի-Մերոժիի քրեակատարողական կենտրոնի մոտ։
«2700 ձերբակալություն է իրականացվել, որոնցից 217 անձ շաբաթ օրվանից կալանքի տակ է վերցվել»,- Դարմանենի խոսքերը մեջբերում է Le Parisien թերթը։
Նախարարի խոսքով՝ կալանավորվածների կեսը նախկինում դատված չի եղել։ «Իրականում չափազանց խիստ միջոցներ են ձեռնարկվել»,- նշել է Դարմանենը։
Հոկտեմբերի 17-ին Փարիզում և Ֆրանսիայի տարբեր շրջաններում զանգվածային ցույցեր էին անցկացվել՝ ընդդեմ վառելիքի գների աճի և բնակչության գնողունակության նվազման։
Կազմակերպիչների գնահատմամբ՝ ցույցերին մասնակցել է 800 հազար մարդ, մինչդեռ Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ մասնակիցների թիվը կազմել է 550 հազար։ Սա երկու անգամ գերազանցել է ուժային կառույցների վերլուծաբանների կանխատեսումները։
Մի շարք քաղաքներում բողոքի ակցիաները վերածվել են անկարգությունների և ոստիկանության հետ բախումների։ Ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը խոստացել է, որ իշխանությունները կշարունակեն հետապնդել ջարդերի և թալանի բոլոր մասնակիցներին։




























