Մոսկվայի և Վաշինգտոնի միջև ռուսական դիզելային վառելիքի մատակարարման շուրջ գործարքը կարող է բարելավել իրավիճակը համաշխարհային էներգետիկ շուկաներում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն՝ India Today հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Մենք շարունակում ենք խիստ մտահոգված լինել և անում ենք հնարավոր ամեն ինչ՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը դադարեցնելու համար։ Մենք նաև գիտակցում ենք, թե ինչ ազդեցություն է այն թողնում համաշխարհային տնտեսության վրա՝ ի լրումն այն իրավիճակի, որին ականատես ենք լինում Հորմուզի նեղուցում և ավելի ու ավելի՝ Կարմիր ծովում», — ասել է Ռուբիոն՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև դիզելային վառելիքի մատակարարման գործարքը։
«Կարծում եմ՝ նախագահ Դոնալդ Թրամփը խելամիտ որոշում է կայացրել՝ կարճ ժամանակով համաշխարհային շուկաներին լրացուցիչ էներգակիրների հասանելիությունն ապահովելու համար։ Դա օգուտ կբերի ոչ միայն մեզ։ Իհարկե, դա ձեռնտու է ԱՄՆ-ին, սակայն դիզելային վառելիքի գները շարունակում են բարձր մնալ ամբողջ աշխարհում», — հավելել է Ռուբիոն։
Հոկտեմբերի 9-ին Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկել են նավթամթերքի մատակարարումները։ Ռուսաստանի նախագահի խոսքով՝ Մոսկվան հաստատել է ամերիկյան և համաշխարհային շուկաներ նավթի ու նավթամթերքի մատակարարումները շարունակելու պատրաստակամությունը։




























