Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ում է պաշտպանում Հայկ Սարգսյանը, ՔՊ-ում արտահերթ ընտրությունները խուճապ է առաջացրել, Միրզոյանի «պաշտպանը». ինչ է գրում մամուլը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ». Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում

«Ժողովուրդ» օրաթերթի՝ իշխանական շրջանակներին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունը, թե սահմանադրական փոփոխությունների գործընթացի չիրականացման դեպքում հնարավոր է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացվեն, իշխանության ներսում լուրջ անհանգստություն է առաջացրել։

Բանն այն է, որ իշխանության ներկայացուցիչներից շատերը, ըստ տեղեկությունների, կարծում էին, թե նոր ընտրություններից հետո առնվազն չորս-հինգ տարի ժամանակ ունեն՝ իրենց պաշտոններում մնալու և հանգիստ աշխատելու համար։ Սակայն Փաշինյանի հայտարարությունը ցույց է տվել, որ իրավիճակը կարող է փոխվել ցանկացած պահի, և իշխանականների քաղաքական ապագան այնքան էլ երաշխավորված չէ, որքան նրանք կարող էին պատկերացնել։

Մեր տեղեկություններով՝ իշխանական շրջանակներում առնվազն երեք տարբեր խմբերում քննարկումները բավական թեժ են եղել։ Իշխանության ներկայացուցիչները փորձել են հասկանալ՝ ինչ է սպասվում իրենց, ինչ քայլերի կարող է դիմել Փաշինյանը, և արդյոք պետք է պատրաստվել նոր ընտրական գործընթացի։

«Ժողովուրդ». ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ Վ. Վարդանյանը սպասվածից քիչ ձայներ է հավաքել

«Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության շուրջ սկանդալային և անսպասելի իրավիճակ է ստեղծվել։ Մեզ հաջողվել է պարզել, թե առաջադրված դատավորներից ով քանի ձայն է ստացել ՍԴ ներսում. տեղեկություն, որ գաղտնի էր պահում բարձր դատարանը։

Իշխանության ներսում, ըստ «Ժողովուրդ»-ի աղբյուրների, ակնկալել են, որ դատարանի նախագահի պաշտոնը հենց առաջին փորձից կզբաղեցնի ՔՊ-ի նախընտրելի թեկնածու Վլադիմիր Վարդանյանը, սակայն քվեարկության արդյունքները սառը ցնցուղ են եղել։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՍԴ նախագահի թեկնածուների շուրջ երկարատև քննարկումներից հետո որոշվել է անցկացնել անակնկալ քվեարկություն։ Արդյունքում, ըստ մեր աղբյուրների, Վլադիմիր Վարդանյանի օգտին քվեարկել է երեք դատավոր, և ինքը՝ Վարդանյանը, իսկ Էդգար Շաթիրյանը ստացել է առավել շատ՝ հինգ ձայն։

«Ժողովուրդ». ՔՊ-ական Հռիփսիմե Գրիգորյանն ԱԺ-ում ստանձնել էր Արարատ Միրզոյանի պաշտպանի դերը․ որն էր մոտիվացիան

Նախօրեին Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում քննարկվում էր Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ԹՐԻՓՓ նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագրի վավերացման նախագիծը։ Հիմնական զեկուցողը ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանն էր, որին ընդդիմադիր պատգամավորները մի շարք սուր հարցեր էին ուղղում՝ բարձրացնելով նախագծի քաղաքական, իրավական և անվտանգային հնարավոր հետևանքների վերաբերյալ մտահոգություններ։

Սակայն քննարկման ընթացքում, բացի բուն փաստաթղթից ու նախարարի պատասխաններից, ուշադրության կենտրոնում հայտնվեց նաև իշխանական պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանի պահվածքը։ «Ժողովուրդ» օրաթերթը նկատեց, որ քննարկման ժամանակ ՔՊ խմբակցության պատգամավորն ակտիվորեն արձագանքում էր ընդդիմադիրների հարցերին, միջամտում և գլխի շարժումներով հավանություն տալիս նախարարի յուրաքանչյուր արտաբերած խոսքին։ Տպավորություն էր ստեղծվում, որ Գրիգորյանը ամեն բան անում է՝ պաշտպանել նախարարին ընդդիմության քննադատությունից։ Բայց, իհարկե, գլխավոր պատճառն անձնական է։

«Ժողովուրդ» օրաթերթը տարբեր առիթներով տեղեկացրել է, որ Գրիգորյանի ամուսինը՝ Դավիթ Կարապետյանն, աշխատում է Արարատ Միրզոյանի ղեկավարած կառույցում։ Պատգամավորի ամուսինը Արտգործնախարարության գլխավոր քարտուղարն է, դրա համար էլ պատգամավորը ամուսնու ղեկավարին պաշտպանելու համար նույնիսկ լուռ էր ջանքեր գործադրում՝ ժեստերով։

«Հրապարակ»․ Հանձնարարական է իջեցվել Շաքիի դեպքերից հետո

Նիկոլ Փաշինյանը թիմին թեպետ հանձնարարել էր հանրային ուշադրությունը թեմայից շեղելու համար օրակարգային դարձնել եկեղեցու թեման ու գործի դնել ԱԺ-ում եկեղեցու հարցով ձեւավորված քննիչ հանձնաժողովը, սակայն այդ հանձնաժողովը չի շտապում նիստեր գումարել, քանի որ նրանց հանձնարարական է իջեցվել քանի դեռ Հայաստանում COP17-ի միջոցառումներն են, եւ դրսից եկած հյուրեր կան, պետք չէ այդ թեման ակտիվացնել:

Ըստ ամենայնի, քննիչ հանձնաժողովի աշխատանքները կմեկնարկեն նոյեմբերի սկզբներին։ Մինչ այդ հանձնաժողովի իշխանական անդամները կաշվից դուրս են գալիս գաղափարներ են գեներացնում, որ կարողանան հասնել Վեհափառին գահընկեց անելու գերնպատակին։ Ասում են՝ Էդուարդ Աղաջանյանը՝ Դիջեյ Էդոն, անգամ նախագիծ է մշակել եկեղեցու վերաբերյալ, որը ներկայացնելու է հանձնաժողովի դատին։

«Իրավունք». Հայկ Սարգսյանի պահվածքը սկսել է տարօրինակ թվալ

ՔՊ-ից հեռացված նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանի պահվածքը սկսել է տարօրինակ թվալ նրան մոտ կանգնած մարդկանց շրջանում։

«Ախպեր, դրեց, մեղմ ասած, ռադ արեց, բայց էլի նստում-հելնում Նիկոլ ա պաշտպանում, մարդ չի ջոկում՝ էս ի՞նչ խաղեր ա գնում»,- մտահոգ են Գեղարքունիքի մարզի բնակիչները»։

Մանրամասները ՝ տեսանյութում․




Լրահոս