Արցախ TV-ն, որը շուրջ 35 տարի գործունեություն է ծավալել Արցախում, այսօր շարունակում է իր աշխատանքը Հայաստանում՝ բախվելով մի շարք խնդիրների։ Ֆինանսական և տեխնիկական դժվարություններին զուգահեռ՝ հեռուստաընկերությունը կանգնած է նաև շենքային խնդրի առաջ, ինչը խոչընդոտում է դրա լիարժեք գործունեությանը։ Միևնույն ժամանակ, Արցախ TV-ն կարևոր դեր ունի ոչ միայն արցախյան իրադարձությունները լուսաբանելու, այլև Հայաստանում և աշխարհի տարբեր երկրներում բնակվող արցախցիներին միավորելու գործում։ Ինչպե՞ս է հեռուստաընկերությունը հաղթահարում առկա դժվարությունները, ի՞նչ աջակցություն է անհրաժեշտ դրա գործունեությունն ապահովելու և զարգացման համար, և ինչո՞ւ է կարևոր Արցախ TV-ի շարունակական ներկայությունը Հայաստանում։ Այս և այլ հարցերի շուրջ զրուցել ենք Արցախ TV-ի տնօրեն Նարեկ Սահակյանի հետ։
– Պարո՛ն Սահակյան, այս պահին ի՞նչ հիմնական խնդիրների առաջ է կանգնած Արցախ TV-ն։ Դրանցից որո՞նք են առավել հրատապ՝ ֆինանսական միջոցների բացակայությունը, տեխնիկական պայմանները, թե՞ մշտական տարածք չունենալը։
– Վերաբացման պահից տարածքի խնդիր ենք ունեցել, և հասկանալով, որ այն մեզ շարունակ հետապնդելու է, հաստատվել ենք ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում՝ մեկ սենյակում կազմակերպելով բոլորի աշխատանքը. լրագրությունից մինչև մոնտաժ, քննարկումներ և հանդիպումներ:
– Գործունեություն ծավալելով Արցախի ներկայացուցչության շենքում՝ որքանո՞վ են առկա պայմանները բավարար հեռուստատեսային լիարժեք գործունեություն իրականացնելու համար։
– Շենքը բացարձակ չի համապաստախանում հեռուստատեսության չափանիշներին, սակայն այլ տարբերակ չենք ունեցել՝ սուղ պայմաններում կազմակերպել ենք մեր աշխատանքը: Այնպես չէ, որ դժգոհում ենք պայմաններից, սակայն չի բացառվում, որ այդ պայմաններից էլ կարող է զրկվենք:
– Որո՞նք են Արցախ TV-ի գործունեությունը սահմանափակող ամենահրատապ խնդիրները։
– Արցախ TV-ի ամենահրատապ խնդիրը տարածք ունենալն է կամ գոնե եղածից չրզկվելը: Ինչպես գիտեք՝ ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության շենքի տնօրինման իրավունքի հարցը քննվում է դատարանում: Ցավոք սրտի, մեկ ամիս անց կարող ենք այլ իրականություն ունենալ, իսկ ներկայացուցչության շենքը մեզ համար լոկ շենք չէ:
– Ի՞նչ ռեսուրսներ են անհրաժեշտ, որպեսզի Արցախ TV-ն կարողանա լիարժեք աշխատել։
– Ռեսուրսներն այս պահին մեզ համար այնքան առաջնային չեն, որքան տարածքի խնդիրը: Վերաբացման պահից գրեթե ռեսուրս չենք ունեցել, փոխարենն ունեցել ենք կամք ու նվիրում՝ պահելու և զարգացնելու Արցախ TV-ն:
– Արցախ TV-ն 35 տարի գործել է Արցախում եւ այսօր Արցախի կորստից և արցախցիների բռնի տեղահանումից հետո, շարունակում է աշխատել Հայաստանում։ Ի՞նչ նշանակություն ունի հեռուստաընկերության գոյությունը ներկա պայմաններում։
-Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացումից հետո Արցախ TV-անելիքը կրկնապատկվել, եռապատկվել է, քանի որ մի ամբողջ ժողովուրդ ցեղասպանվել ու բռնի տեղահանվել է իր հայրենիքից: Մեր աշխատանքի հիմնական նպատակը Արցախի ու արցախցու ձայնը լսելի պահելն է, անդադար խոսելը ավելի քան 150 հազար հայի ոտնահարված իրավունքների և Արցախի բռնազավթման մասին: Մեզ համար սա լոկ աշխատանքի մաս չէ, այլ պարտականություն:
– Երբ արցախցիները զրկվել են իրենց հայրենիք վերադառնալու և այնտեղ բնականոն կյանք վարելու հնարավորությունից, որքանո՞վ է կարևոր, որ պահպանվի նաև իրենց ձայնը ներկայացնող լրատվամիջոցը։
– Պիտի ասեմ, որ Արցախ TV-ի պահպանումը կեսնական նշանակության հարց է՝ մեր հարթակում են պահպանվում արցախցիների սոցիալ-մշակութային կապերը, հրապարակվում տեղեկություններ տարբեր հիմնախնդիրների և իրադարձությունների մասին:
-Ինչքանո՞վ են արցախցիները հետևում Արցախ TV հրապարակումներին։ Ինչքանո՞վ է այն շարունակում պահանջված մնալ։
-Արցախցիները միշտ հետևել ու հետևում են մեր հրապարակումներին, ասեմ ավելին՝ տիրոջ խստապահանջությամբ են վերաբերում Արցախ TV-ի հետ կապված ցանկացած զարգացման: Պիտի նշեմ, որ մոտ ապագայում լրատվամիջոցը կներկայանա նորովի՝ պահպանելով լավագույն ավանդույթները:
– Հայաստանի լրատվական դաշտում այսօր Արցախ TV-ի առկայությունն ի՞նչ բաց կարող է լրացնել։ Ի՞նչ թեմաներ ու խնդիրներ է այն կարողանում ներկայացնել, որոնք հաճախ դուրս են մնում այլ լրատվամիջոցների ուշադրությունից։ Այլ կերպ ասած՝ ի՞նչ գործունեություն կարող է ծավալել Արցախ TV-ին, որ չեն կարող փոխարինել հայաստանյան զլմ-ները։
-Ես հարգանքով ու երախտագիտությամբ եմ մոտենում այն լրատվամիջոցների աշխատանքին, որոնք պարբերաբար անդրադառնում են Արցախի և արցախցու խնդրին: Սակայն չեմ կարող չնշել, որ մեզնից լավ ոչ ոք չի կարող ճանաչել արցախցուն և խոսել նրա դարդ ու ցավի մասին: Մեր գործունեությամբ կկոտրենք հայության շրջանում առկա արհեստական բաժանումները, կբացահայտենք մեր հայրենիքի Արցախ հատվածը, այնտեղից սերող ու իրավունքի ուժով վերադառնալ ցանկացող բնիկ ժողովրդին:
– Ո՞րն է Արցախ TV-ի առաջիկա տարիների գլխավոր նպատակը՝ պահպանե՞լ ներկայիս գործունեությունը, զարգացնե՞լ այն, թե՞ վերածվել ավելի լայն հնարավորություններ ունեցող հեռուստամեդիայի։
– Պիտի խոստովանեմ, որ ներկա պայմաններում պահելն ու զարգացնելը հեշտ գործ չէ, բայց այլ ճանապարհ չունենք, որովհետև Արցախ TV-ն սովորական կազմակերպություն չէ, այն միավորում է ՀՀ-ով և աշխարհով մեկ սփռված արցախցիներին, ովքեր միմյանց կարող են գտնել նաև մեր միջոցով: Մենք ուղղակի պարտավոր ենք պահպանվել, զարգանալ ու դառնալ ավելի պահանջված մեդիա:
– Ի՞նչ կոնկրետ աջակցություն է անհրաժեշտ, որպեսզի Արցախ TV-ն կարողանա լիարժեք գործունեություն ծավալել։
-Այս պահին ամենամեծ աջակցությունը կլիներ այն, որ ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության շենքը մնար արցախցիներին, և մենք բոլորի հետ շարունակեինք մեր գործունեությունը: Բայց քանի որ իրականությունն այլ է, իսկ Արցախ TV-ն չի կարող գործունեություն չծավալել, ամենամեծ աջակցությունն այս պահին կլիներ շենքային խնդրի լուծումը:
– Պարո՛ն Սահակյան, ի՞նչ քայլեր են անհրաժեշտ, որպեսզի Արցախ TV-ն ոչ միայն շարունակի գոյատևել, այլև զարգանա ու դառնա ավելի ազդեցիկ լրատվամիջոց Հայաստանում։
– Քայլերի հաջորդականությունը մենք պատկերացնում ենք և ունենք ռազմավարություն: Ցբացահայտելով մեր տակտիկական դրույթները՝ կարող եմ ասել, որ անհրաժեշտ է ջանք չխնայել և աշխատանքին մոտենալ բացառապես սրտացավությամբ: Ես հավատում եմ, որ Արցախ TV-ն լինելու է ավելի պահանջված ու սիրված լրատվամիջոց Հայաստանում և նրա սահմաններից դուրս:
Նանիկ Աղասյան






















