Armenian text to speach

Արտահերթ ընտրություններ՝ ե՞րբ կարող է Փաշինյանը կրկին ընտրության առաջ կանգնեցնել Հայաստանը․ ինչ է թույլ տալիս Սահմանադրությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոր խորհրդարանն աշխատում է, սակայն ի՞նչ իրավական ճանապարհով կարող է Հայաստանում կրկին արտահերթ խորհրդարանական ընտրություն անցկացվել։ Արդյոք Նիկոլ Փաշինյանը կարող է ինքնուրույն որոշել նոր ընտրությունների գնալ, և ի՞նչ ժամկետներ են սահմանված օրենքով։

ArmLur.am-ը տեղելացրել էր, որ Հայաստանում հերթական խորհրդարանական ընտրություններն անցկացվել են 2026 թվականի հունիսի 7-ին, իսկ նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը տեղի է ունեցել օգոստոսի 2-ին։

Սակայն ընտրություններից հետո նոր խորհրդարանի ձևավորումը չի նշանակում, որ մինչև նրա հնգամյա լիազորությունների ավարտը արտահերթ ընտրությունների հնարավորություն բացառված է։ Այդուհանդերձ, նման գործընթացի համար անհրաժեշտ է Սահմանադրությամբ նախատեսված հստակ իրավական հիմք։

ArmLur.am-ի ուսումնասիրությունից պարզվեց, որ ՀՀ Սահմանադրության 92-րդ հոդվածի համաձայն՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններն անցկացվում են միայն Սահմանադրության 149-րդ հոդվածի 3-րդ մասով և 151-րդ հոդվածի 3-րդ ու 4-րդ մասերով նախատեսված դեպքերում՝ խորհրդարանի արձակումից հետո։

Այսինքն՝ վարչապետը չի կարող պարզապես հայտարարել, որ ցանկանում է նոր ընտրություններ անցկացնել, և այդ հայտարարությամբ իսկույն սկսել ընտրական գործընթացը։ Պետք է առաջանա Սահմանադրությամբ նախատեսված իրավիճակ, որի դեպքում Ազգային ժողովը լուծարվում է իրավունքի ուժով։

Ո՞ր դեպքերում կարող է արձակվել խորհրդարանը

Սահմանադրությունը նախատեսում է մի քանի իրավիճակ։

Առաջին՝ վարչապետի ընտրության ձախողում։ Եթե վարչապետի հրաժարականից կամ պաշտոնը թափուր մնալուց հետո խորհրդարանը չի կարողանում վարչապետ ընտրել սահմանված ընթացակարգով, անցկացվում է երկրորդ ընտրություն։ Եթե դրանից հետո էլ վարչապետ չի ընտրվում պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով։

Երկրորդ՝ կառավարության ծրագրի չընդունում։ Սահմանադրության 151-րդ հոդվածի համաձայն՝ կառավարությունը ձևավորելուց հետո վարչապետը 20 օրվա ընթացքում պետք է ներկայացնի կառավարության ծրագիրը, իսկ Ազգային ժողովը դրան հավանություն է տալիս յոթնօրյա ժամկետում։ Եթե ծրագիրը չի ընդունվում և սահմանված կարգով նոր վարչապետ չի ընտրվում, խորհրդարանը կարող է արձակվել։ Նույն հոդվածը նախատեսում է նաև կրկնակի չհաստատման դեպքը։

Երրորդ՝ հատուկ ընթացակարգով ձևավորված կառավարության ծրագիրը։ Եթե Սահմանադրության 115-րդ հոդվածով նախատեսված կարգով ձևավորված կառավարության ծրագիրը չի ստանում խորհրդարանի հավանությունը, Ազգային ժողովը նույնպես արձակվում է իրավունքի ուժով։

Այս դրույթները նշանակում են, որ արտահերթ ընտրությունների հնարավորությունը կապված է ոչ թե վարչապետի քաղաքական ցանկության, այլ սահմանադրական ընթացակարգերի իրականացման և դրանց արդյունքի հետ։ Սակայն այս իրավական ոչ մի հիմք կապ չունի Փաշինյանի հայտարարության հետ: Նա հստակ ընդգծել է, որ եթե իշխանությունը չկարողացավ ՀՀ Սահմանադրության փոփոխությունն իրականացնել, ապա կանցկացնեն, որ ԱԺ արտահերթ ընտրություններ:

Իսկ ե՞րբ կարող են անցկացվել նոր ընտրությունները

Սահմանադրության 92-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվում են Ազգային ժողովի արձակումից ոչ շուտ, քան 30, և ոչ ուշ, քան 45 օր հետո։

Օրինակ՝ եթե խորհրդարանը արձակվեր 2026 թվականի նոյեմբերի 1-ին, ընտրությունները պետք է անցկացվեին նոյեմբերի 31-ից հաշվարկվող 30–45-օրյա միջակայքում՝ այսինքն դեկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 16-ը։ Հաշվարկը պետք է կատարվի արձակման իրական ամսաթվից՝ օրացուցային օրերով։

Ազգային ժողովի հերթական և արտահերթ ընտրությունները նշանակում է Հանրապետության նախագահը՝ Սահմանադրության 93-րդ հոդվածի համաձայն։

ՀՀ օրենսդրությունը չի սահմանում ընդհանուր արգելք, ըստ որի՝ մեկ անգամ ընտրված խորհրդարանը որոշակի ժամանակահատվածում չի կարող լուծարվել։ Բայց արտահերթ ընտրությունները չեն կարող նշանակվել կամ անցկացվել կամայականորեն․ անհրաժեշտ է սահմանադրական հիմք, խորհրդարանի արձակում և ընտրությունների անցկացում արձակումից հետո 30–45 օրվա ընթացքում։

Սոնա Գրիգորյան




Լրահոս