ArmLur.am-ը տեղեկացավ, որ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջադրել է Շուշան Սարգսյանի թեկնածությունը։ Նրա անունը նոր չէ այս կառույցում․ Սարգսյանը տարիներ շարունակ աշխատել է մրցակցության պաշտպանության ոլորտում և զբաղեցրել մի շարք պատասխանատու պաշտոններ։
Ո՞վ է Շուշան Սարգսյանը, և ի՞նչ է հայտնի նրա մասնագիտական ուղու մասին։
Հրապարակված կենսագրության համաձայն՝ Շուշան Սարգսյանը ծնվել է 1988 թվականի նոյեմբերի 6-ին՝ Երևանում։ Իրավաբանական կրթություն է ստացել Ռուս-հայկական համալսարանում՝ ավարտելով բակալավրիատն ու մագիստրատուրան գերազանցությամբ, այնուհետև շարունակել ուսումը ասպիրանտուրայում։
Նրա մասնագիտական գործունեությունը հիմնականում կապված է եղել տնտեսական մրցակցության պաշտպանության ոլորտի հետ։ 2011 թվականից աշխատել է այդ ոլորտի պետական կառույցում՝ սկզբում որպես փորձագետ, այնուհետև՝ վարչական վարույթների և իրավական ակտերի մշակման ուղղություններով։
2018 թվականին Սարգսյանը զբաղեցրել է հանձնաժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի պաշտոնը։ Բացի պետական համակարգում աշխատանքից՝ նա զբաղվել է նաև դասախոսական գործունեությամբ՝ Ռուս-հայկական համալսարանում։
Հատկանշական է, որ Սարգսյանն արդեն իսկ պաշտոնավարել է այդ ոլորտի հանձնաժողովում․ 2021 թվականի մայիսի 26-ին Ազգային ժողովն ընտրել էր նրան Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամ։ Այդ ժամանակ նրա թեկնածությանը կողմ էր քվեարկել 79 պատգամավոր։
Սոնա Գրիգորյան






















