Armenian text to speach

ՔՊ-ն Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում կրկին առաջադրել է Կարեն Առուստամյանի թեկնածությունը․ ով է նա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՔՊ խմբակցությունը Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում առաջադրել է Կարեն Առուստամյանի թեկնածությունը։

Հոկտեմբերի 20-ին Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել է թեկնածության հարցը, որից հետո այն ստացել է դրական եզրակացություն և կքննարկվի առաջիկ ԱԺ նստաշրջանում։

Կարեն Առուստամյանը նոր անուն չէ Հաշվեքննիչ պալատի համար․ նա այդ կառույցի անդամ է ընտրվել դեռևս 2020 թվականի դեկտեմբերին։ Այժմ նրա թեկնածությունն առաջադրվել է կրկին։

Ո՞վ է Կարեն Առուստամյանը

Կարեն Առուստամյանը ծնվել է 1979 թվականին՝ Երևանում։ 1995-2000 թվականներին սովորել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտում՝ մասնագիտանալով հաշվապահական հաշվառման և աուդիտի ոլորտում։ 2003 թվականին ստացել է տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան։

Նրա աշխատանքային գործունեությունը պետական հատվածում սկսվել է 2004 թվականից։ 2005 թվականից աշխատել է Վերահսկիչ պալատում՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ։ Հետագայում ղեկավարել է Հաշվեքննիչ պալատի մեթոդաբանության, վերլուծության և միջազգային կապերի վարչությունը։

2020 թվականի դեկտեմբերի 29-ին Ազգային ժողովը նրան ընտրել է Հաշվեքննիչ պալատի անդամ։ Այդ ժամանակ քվեարկությանը մասնակցած 104 պատգամավորից 103-ը կողմ էին քվեարկել, մեկը՝ դեմ։

Հիշեցնենք, որ Հոկտեմբերի 20-ին խորհրդարանական հանձնաժողովում ելույթ ունենալով՝ Առուստամյանը նշել է, որ իր աշխատանքի կարևոր ուղղություններից է հանրային միջոցների կառավարման օրինականության և արդյունավետության գնահատումը։

Նրա խոսքով՝ հաշվեքննության եզրակացությունները պետք է հիմնված լինեն բավարար և վստահելի ապացույցների վրա։ Ընտրվելու դեպքում նա մտադիր է կենտրոնանալ հաշվեքննությունների որակի բարձրացման, Հաշվեքննիչ պալատի ներքին գործընթացների բարելավման և ներկայացված առաջարկությունների կատարման նկատմամբ հետագա վերահսկողության զարգացման վրա։

Հիշեցնենք, որ հանձնաժողովի նիստում «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը Առուստամյանին հարցրել է՝ արդյոք երկար տարիներ Հաշվեքննիչ պալատում աշխատելու ընթացքում նա առնչվել է համակարգային կոռուպցիայի դեպքերի կամ տեղեկություններ է ունեցել դրանց մասին։

Առուստամյանը պատասխանել է, որ աուդիտը ռիսկերի կառավարման գործիքներից մեկն է, սակայն համակարգային կոռուպցիայի վերաբերյալ կոնկրետ գիտելիքներ չունի։

Հանձնաժողովը քննարկել է նաև «Ուժեղ Հայաստան» խմբակցության առաջադրած Տարոն Վարազդատյանի թեկնածությունը։ Քվեարկության արդյունքում Առուստամյանի թեկնածությանը կողմ է արտահայտվել հանձնաժողովի 4 պատգամավոր, դեմ ձայներ չեն եղել։ Վարազդատյանի թեկնածությունը ստացել է 2 կողմ և 3 դեմ ձայն։

Այսպիսով՝ Կարեն Առուստամյանի թեկնածությունը ներկայացվելու է Ազգային ժողովի քննարկմանը։ Հանձնաժողովի դրական եզրակացությունը դեռևս չի նշանակում, որ նա ընտրվել է․ վերջնական որոշումը պետք է կայացնի խորհրդարանը։

Սոնա Գրիգորյան




Լրահոս