Սիցիլիայի ափերի մոտ ուժեղ երկրաշարժերի շարք է գրանցվել, որոնցից ամենահզորը եղել է 5․0-ից 5․5 մագնիտուդով։
Ցնցումները տեղի են ունեցել Տիրենյան ծովի հարավային մասում՝ Սիցիլիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Էոլյան կղզիների մոտակայքում, տեղի ժամանակով ժամը 12:19-ին: Ուժեղ ցնցումները զգացվել են ամբողջ Սիցիլիա կղզում՝ Պալերմոյից մինչև Կատանիա և Տրապանի։
Երկրաշարժից անմիջապես հետո առափնյա շրջանների համար հայտարարվել էր ցունամիի նարնջագույն տագնապ, որը մեկ ժամ անց չեղարկվել է։ Պալերմոյում և Մեսինայում անվտանգության նկատառումներից ելնելով դպրոցներն ու հանրային շենքերը տարհանվել են։
Իտալիայի երկրաֆիզիկայի և հրաբխագիտության ազգային ինստիտուտի նախնական տվյալներով՝ այս պահին զոհերի, վիրավորների կամ լուրջ ավերածությունների մասին տեղեկություններ չկան:
























































































