Ֆեյսբուքյան օգտատեր Սարգիս Պողոսյանը գրել է, որ օրեր առաջ իր ծանոթներից մեկը Red Store տեխնիկայի խանութից գնել է սարք, որն աշխատում է հեռախոսի քարտով: Նա նշել է, որ բոլոր ընկերությունների քարտերը փորձելուց հետո պարզվել է, որ սարքը աշխատում է միայն հին սերնդի քարտերով, և Հայաստանում ոչ մի տելեկոմունիկացիոն ընկերություն այդպիսի քարտեր չի թողարկում:
Նա հայտնել է, որ Red Store-ում հրաժարվել են հետ վերցնել գնված սարքը և պատճառաբանել են` թե «սարքը հին քարտով աշխատում է, ուրեմն փչացած չէ, աշխատում է»:
Օգտատերը հավելել է, որ Red Store-ը չաշխատող սարք է վաճառում, իսկ հետո հրաժարվում է հետ վերցնել տվյալ սարքը:
Հիշեցնենք, որ Կառավարության նիստերից մեկի ժամանակ (դեկտեմբերի 18-ին) վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրահանգել էր ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանին փակել այն խանութը, որը ապրանք վաճառելիս կանխիկով վճարման դեպքում այլ գին է սահմանում, անկանխիկի դեպքում՝ այլ։
Հրահանգի պատճառ էր դարձել այն, որ վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչներն այդ խանութից առևտուր անելիս տեղեկացել էին կանխիկի և քարտային վճարման տարբեր գների մասին։
«Փակեք էդ խանութը, ձևը գտեք, փակեք էդ խանութը, ստուգելու եմ։ Չգիտեմ՝ ասածս ինչքանով է… փակեք այդ խանութը, այդ խանութում առևտուր պետք է չլինի։ Իմ վրա եմ վերցնում անձնական պատասխանատվությունը ու ամեն օր կողքով անցնելու եմ, մինչև անձնական թույլտվությունս չլինի, այդ խանութը պիտի չբացվի։ Կզեկուցեք անձամբ»,- ՊԵԿ նախագահին հրահանգել էր վարչապետը։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ «Red Store» խանութների ցանցի մասին է խոսքը, որոնք այս հայտարարությունից շատ չանցած՝ փակվեցին։ Դեկտեմբերի 22-ին «Red Store»-ն իր ֆեյսբուքյան էջում հայտարարեց, որ երկու խանութ-սրահներն արդեն բացվել են, իսկ մնացած 4 մասնաճյուղերը կբացվեն շուտով։
Դեկտեմբերի 22-ին ՊԵԿ-ն էլ հայտարարություն տարածեց, որ դեկտեմբերի 18-ի Կառավարության նիստում վարչապետի կողմից նշված հարկ վճարողի նկատմամբ իրականացվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և հարկային վարչարարություն։























