ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարագրել է Հեսսեյան խաղաղության մրցանակի շրջանակում ստացած 25 հազար եվրոյին համարժեք դրամական պարգևը։ «Ժողովուրդ» օրաթերթը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պաշտոնական կայքից տեղեկացավ, որ մրցանակի արժեքը կազմել է 10 մլն 122 հազար դրամ։
Ըստ ներկայացված նվերների հաշվառման ձևաթղթի՝ մրցանակը Փաշինյանին հանձնել է գերմանական «Ալբերտ Օսվալդ» հիմնադրամը։ Ձևաթուղթը վարչապետը ներկայացրել է 2026 թվականի հոկտեմբերի 14-ին։
ԿԿՀ կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 18-ին՝ Գերմանիայի Վիսբադեն քաղաքում՝ Հեսսենի երկրամասային խորհրդարանում։ Սակայն դրամական պարգևը Փաշինյանն ստացել է հոկտեմբերի 2-ին։
Նվերի արժեքը հաշվարկվել է ՀՀ կենտրոնական բանկի՝ 2026 թվականի հոկտեմբերի 12-ի փոխարժեքով, երբ մեկ եվրոն կազմել է 404.88 դրամ։
Նշենք, որ Հեսսեյան խաղաղության մրցանակը հիմնադրվել է 1993 թվականին՝ Գերմանիայի Հեսսեն երկրամասի նախկին վարչապետ Ալբերտ Օսվալդի և նրա հիմնադրամի կողմից։ Ըստ կազմակերպության այն շնորհվում է ազգերի միջև փոխըմբռնման և խաղաղության խթանման գործում ակնառու ծառայություններ մատուցած անձանց։
Սոնա Գրիգորյան




























