«Ժողովուրդ». ՔՊ-ն փակ նիստերում քննարկում է Արցախի, ՀՀ անկախության Հռչակագրի և եկեղեցու հարցերը
«Ժողովուրդ» օրաթերթի՝ Կառավարությանը մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանը որոշել է ՔՊ վարչության մի քանի արտահերթ հանդիպումների ընթացքում ակտիվորեն քննարկել նոր Սահմանադրության նախագիծը։ Ըստ մեր տեղեկությունների՝ իշխող կուսակցության վարչությունը ցանկանում է նախագծի դրույթների վերաբերյալ սեփական դիրքորոշումն ու առաջարկները ներկայացնել՝ անդրադառնալով առանձին կետերի։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Փաշինյանը լիովին համակարծիք չէ սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի հետ քննարկված և այս պահին նախագծում արտացոլված բոլոր ձևակերպումների հետ։ Հենց այս հանգամանքով է պայմանավորված, որ ՔՊ վարչությունը որոշել է առանձին քննարկել նախագծի դրույթները, ներկայացնել իր դիրքորոշումները և առաջարկել փոփոխություններ։
Այսինքն՝ սահմանադրական փոփոխությունների հարցը քննարկվում է ոչ միայն մասնագիտական հանձնաժողովի շրջանակում, այլև իշխանական կուսակցության ղեկավար կազմն է ցանկանում իր խոսքն ասել երկրի մայր օրենքի նոր տարբերակի ձևավորման հարցում։ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ քննարկվող առանցքային հարցերից մեկը Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին 1989 թվականի որոշման և Հայաստանի Անկախության հռչակագրի հետ կապված ձևակերպումներն են։
«Ժողովուրդ». Զենքի ազատ վաճառքը կխստացվի՞․ կրակոցներն ու զինված միջադեպերը չեն դադարում
«Հանրապետությունում պարբերաբար հնչող կրակոցներն ու դրանց հետևանքով գրանցվող ողբերգական դեպքերը իրավապահներին դրդել են զենքի շրջանառության կարգավորման նոր մեխանիզմներ մշակել։ Մասնավորապես, քննարկվում են զենքի ազատ վաճառքի նկատմամբ վերահսկողությունը խստացնելու օրենսդրական փոփոխություններ։
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն անդրադարձել է մայրաքաղաքում և հանրապետության այլ բնակավայրերում զենքի գործադրմամբ հարցեր լուծելու դեպքերին ու պարբերաբար հնչող կրակոցներին։ Նախարարը նշել է, որ զենքի ազատ վաճառքի ոլորտում խնդիր է տեսնում, և առաջիկայում Ներքին գործերի նախարարությունը հանդես կգա զենքի շրջանառության կարգավորման մասին օրենքում փոփոխությունների փաթեթով։
Սպասվող նախաձեռնության նպատակը, ըստ էության, զենքի վաճառքի և շրջանառության նկատմամբ վերահսկողության խստացումն է։ Թե կոնկրետ ինչ սահմանափակումներ կառաջարկվեն և ինչ նոր պահանջներ կներդրվեն զենք ձեռք բերելու գործընթացում, պարզ կդառնա օրենսդրական փաթեթի հրապարակումից հետո։
«Ժողովուրդ». 6-7 ամիս անորակ խողովակներ են տեղադրել, քաղաքապետարանը չի նկատել, Ավինյանի անգործության հետևանքները
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանկարծ հիշել է, որ կարելի է նաև խզել պայմանագիրը շինարարական ընկերության հետ և նրան ներառել «սև ցուցակում»։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ազատության պողոտայում ոռոգման ցանցի կառուցման ընթացքում անորակ խողովակների տեղադրման խնդիրը նոր չէ․ այս իրավիճակը շարունակվում է արդեն շուրջ 6-7 ամիս, սակայն քաղաքապետարանի և համապատասխան վարչական շրջանի կողմից խնդրի լուծման ուղղությամբ ժամանակին ձեռնարկված քայլերի արդյունավետության վերաբերյալ հարցեր են առաջանում։ Եվ հիմա, երբ խնդիրը ամիսներ շարունակ չի ստացել պատշաճ լուծում, Տիգրան Ավինյանը հանձնարարում է շտապ խզել պայմանագիրը և ընկերությանը ներառել «սև ցուցակում»։
Հարց է առաջանում՝ իսկ այս ամիսների ընթացքում որտե՞ղ էին քաղաքապետարանի պատասխանատուները, ո՞վ էր վերահսկում աշխատանքների որակը, և ինչո՞ւ պայմանագրի խզման անհրաժեշտությունը հրատապ է դարձել միայն հիմա։ Եթե խողովակներն անորակ են եղել, ապա ինչպե՞ս է ստացվել, որ խնդիրը ժամանակին չի կանխվել, և ինչո՞ւ են քաղաքացիները ստիպված եղել ամիսներ շարունակ բախվել դրա հետևանքներին։
«Հրապարակ»․ Պապիկյանի երկրորդ դեղին քարտը
ՏԻՄ ընտրությունների արդյունքներից հրճվող իշխանականների շարքերից դուրս է մնացել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, որի դիրքերը կրկին սասանվեցին կիրակնօրյա ընտրություններից հետո։ Գաղտնիք չէ, որ Ստեփանավանի կուրացիան իրականացրել է Սուրեն Պապիկյանը, որն անձամբ մասնակցել է նախընտրական գործընթացներին, տեղացիների հետ հավաքներ է անցկացրել եւ հայրենի Ստեփանավանում Արփի Դավոյանի հետ ՔՊ-ի թեկնածու Արայիկ Ներսիսյանի պրոպագանդան արել։
Սակայն ընտրություններում ՔՊ-ն պարտվեց գործող համայնքապետ Արմեն Գրիգորյանին, որն առաջադրվել էր «Գործարար» կուսակցությամբ։ Ի դեպ, ՔՊ-ականները տարակուսած են․ Գրիգորյանը ժամանակին ամեն ինչով հոգացել է Արփի Դավոյանի կարիքները, որն այս ընտրություններում անձամբ լծվել էր նրա մրցակցի հաղթանակին։ Իշխանության մեր աղբյուրներն ասում են, որ սա Պապիկյանի երկրորդ դեղին քարտն է՝ առաջինը ստացել էր խորհրդարանական ընտրությունների առիթով»։
«Հրապարակ»․ Թաթոյանն ընդհատակ է անցել. ո՞րն է պասիվության պատճառը
Հունիսի 7-ի ընտրություններից հետո «Միասնության թեւեր» կուսակցությունը եւ նրա առաջնորդ Արման Թաթոյանը քաղաքականապես ակտիվ չեն։ Կուսակցությունը չմասնակցեց հոկտեմբերի 25-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, չի հայտարարել նաեւ նոյեմբերին եւ դեկտեմբերին սպասվող ՏԻՄ ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ Կիրակի օրը կայացած ընտրությունների արդյունքներին «Միասնության թեւեր»-ից անդրադարձել է միայն Դավիթ Անանյանը, որն իշխանության հաղթանակը բնորոշել է որպես «հաղթանակի ամենածանր պարտություն»։
Արման Թաթոյանը որեւէ հրապարակային գնահատական չի հնչեցրել ո՛չ ընտրական գործընթացի, ո՛չ էլ արդյունքների մասին։ Մեր տեղեկություններով՝ նա ներկայում գտնվում է ԱՄՆ-ում։ Այս օրերին՝ մինչեւ նոյեմբերի վերջը Կալիֆորնիայի համալսարանում հանդես է գալու դասախոսություններով։ Մենք հետաքրքրվեցինք, թե որն է այս պասիվության պատճառը, գուցե կուսակցության ներկայացուցիչները վախենո՞ւմ են քրեական գործերից, քաղաքական հետապնդումներից։
Կուսակցությունից մեր աղբյուրը նշեց, որ «Միասնության թեւեր»-ը լուծարվելու մտադրություն չունի, ավելին՝ առաջիկա տարիներն օգտագործելու են՝ քաղաքականապես կայանալու եւ հաջորդ խորհրդարանական ընտրությունների ժամանակ հաջողության հասնելու համար։
Մանրամասները՝ տեսանյութում․




























