Armenian text to speach

ԵՄ-ն 4,7 միլիարդ եվրո կհատկացնի Ուկրաինային տրամադրված ռազմական օգնության ծախսերը փոխհատուցելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրամիության խորհուրդը որոշում է ընդունել Ուկրաինային աջակցելու նպատակով 4,9 միլիարդ եվրո հատկացնելու մասին։ Գումարի հիմնական մասը՝ 4,7 միլիարդ եվրոն, կուղղվի ԵՄ անդամ պետությունների՝ Ուկրաինային արդեն տրամադրած ռազմական օգնության ծախսերի մասնակի փոխհատուցմանը։

ԵՄ խորհուրդը համապատասխան որոշումների փաթեթն ընդունել է հոկտեմբերի 26-ին՝ Խաղաղության եվրոպական հիմնադրամի (EPF) շրջանակներում։

ԵՄ խորհրդի տարածած հաղորդագրության համաձայն՝ փաթեթը ներառում է ութ որոշում։ Դրանցով նախատեսվում է 4,7 միլիարդ եվրոյի փոխհատուցում անդամ պետություններին՝ Ուկրաինային արդեն տրամադրված ռազմական օգնության դիմաց։ Եվս 230 միլիոն եվրո կհատկացվի Ուկրաինային աջակցության Եվրամիության ռազմական առաքելությանը՝ EUMAM Ukraine-ին։

Նշվում է, որ այս որոշումները կարևոր քայլ են սեպտեմբերի 25-ին ԵՄ անդամ պետությունների ձեռք բերած քաղաքական պայմանավորվածության իրականացման ուղղությամբ։ Այդ պայմանավորվածությամբ նախատեսվել էր Խաղաղության եվրոպական հիմնադրամի շրջանակներում Ուկրաինայի կարիքների համար հատկացնել 6,6 միլիարդ եվրո։

Համաձայնագիրը ներառում է նաև Ուկրաինային 1 միլիարդ եվրոյի նոր ռազմական օգնության տրամադրում և 2027 թվականին EUMAM Ukraine առաքելության հետագա ուժեղացում։

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը սեպտեմբերի 25-ին X սոցիալական ցանցում հայտնել էր, որ ԵՄ երկրները համաձայնեցրել են Ուկրաինայի համար Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցների՝ 6,6 միլիարդ եվրոյի չափով բաշխման կարգը։

Անի Վարդանյան




Լրահոս