Ինչպես գրել էր ArmLur.am-ը՝ հաջորդ ՏԻՄ ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 29-ին։ Այդ օրը համամասնական ընտրակարագով ավագանի կընտրեն Արագածոտնի մարզի Աշտարակ, Ապարան, Արևուտ և Մեծաձոր, Արմավիր մարզի Մեծամոր և Բաղրամյան, Գեղարքունիքի մարզի Սևան, Լոռու մարզի Սպիտակ, Շիրակի մարզի Աշոցք և Ամասիա, Սյունիքի մարզի Կապան, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքներում։ Բացի ընտրություններից անհրաժեշտ է նաև իմանալ ներկայիս ղեկավարներին և իրենց հեղինակությունը:
Արագածոտնի մարզի տեղական ինքնակառավարման մարմին Աշտարակ համայնքի ղեկավարն է Թովմաս Շահվերդյանը (Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն): Նա 2012-2016 թվականներին եղել է Աշտարակ համայնքի ավագանու անդամ, աշխատել է Ավգոռ» ՍՊԸ-ում որպես գործադիր տնօրեն, մինչև 2021 թվականը եղել Աշտարակ համայնքի ղեկավար և 2021 թվականից ստանձնել Աշտարակ խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնը: Սկզբնական շրջանում ընտրվել էր որպես ոչ կուսակցական՝ որոշակի աջակցություն ստանալով նաև նախկին իշխանությունների օրոք: 2021 թվականի ՏԻՄ ընտրություններից առաջ միացել է Քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը:
Hetq.am-ը հայտնել էր, որ Թովմաս Շահվերդյանը 2017 թվականին վաճառել էր Աշտարակ քաղաքի Քասախի կիրճում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 792 քմ մակերեսով հողամասը եղբորը՝ Խաչիկ Շահվերդյանին: Ըստ «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքի՝ Թովմաս Շահվերդյանը, ով գլխավորել է աճուրդային հանձնաժողովը, իրավունք չուներ եղբորը համայնքային սեփականություն հանդիսացող հողամաս վաճառել: Հողը վաճառվել է կադաստրային արժեքի 50%-ի չափով: Օրենքը թույլ է տալիս, որ աճուրդի նվազագույն գինը լինի կադաստրային արժեքի 50%-ը։ Սակայն խնդիրն այն է, որ Հայաստանում հողի կադաստրային արժեքը վերջին 20 տարում չէր փոխվել, ինչի պատճառով հողը շատ էժան է վաճառվել։ Խաչիկ Շահվերդյանը հողմասը ձեռք է բերել մեկնարկային գնո՞վ, թե՞ ավել գումար է վճարել: Ավագանու և քաղաքապետի որոշումների մեջ հողամասի մեկնարկային գինը բացակայում էր: Բացի այդ 2017 թվականին Աշտարակի ավագանու անդամները իրենց հարկային և գույքային արտոնություններ են տվել, մասնակցել այդ որոշումների քվեարկությանը և կողմ քվեարկել։
2022 թվականին ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանը այցելել է Արագածոտնի մարզպետարան, որտեղ վիճաբանություն է տեղի ունեցել նրա և մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Հակոբ Ստեփանյանի միջև: ArmLur.am-ը 2023 թվականին գրել էր, որ Արագածոտնի մարզի «Աշտարակի ձոր» ռեստորանային համալիրից դեպի «Գալուստի ձոր» կոչվող հանգստյան գոտի կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով Աշտարակի քաղաքապետի տեղակալին տեղափոխել էին հիվանդանոց: Նաև եղել է դեպք, երբ Աշտարակ համայնքի բնակիչները ահազանգել են «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն, թե ոչ մի կերպ չեն կարողանում կապ հաստատել սեփական համայնքի ղեկավարի հետ: Ֆեյսբուքյան մեկնաբանություններն էլ փակ էին: 2024 թվականին նրա ղեկավարությամբ շարունակվել են Աշտարակ խոշորացված համայնքի ենթակառուցվածքների զարգացման, ճանապարհաշինության, գազաֆիկացման և բնակավայրերի բարեկարգման աշխատանքները: Նույն թվականին Շահվերդյանին մի քանի անգամ կանչել են Հակակոռուպցիոն կոմիտե:
2025-2026 թվականներին նրա գործունեությունը հիմնականում հիշատակվում է համայնքային ծրագրերի, երիտասարդների հետ հանդիպումների և պաշտոնական այլ միջոցառումների համատեքստում։ Գազաֆիկացման աշխատանքները շարունակվում են համայնքի Արուճ, Նոր Ամանոս և Նոր Եդեսիա բնակավայրերում: Աշտարակ քաղաքում և համայնքի մի շարք այլ բնակավայրերում իրականացվում են Ճանապարհների ասֆալտապատման ծրագրեր, նախատեսված է կառուցել ու հիմնանորոգել մանկապարտեզներ և ջրամատակարարման համակարգեր: Այս պահին կարծես սկանդալներն խաղաղվել են:
Վիկտորյա Բուդաղյան




























