Armenian text to speach

Ֆրանսիայում աշակերտները նոր բողոքի ցույցեր են նախատեսում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիայում լիցեյների աշակերտները պատրաստվում են շարունակել բողոքի ակցիաները՝ չնայած վարչապետ Սեբաստիան Լեկոռնյուի հետ բանակցություններից հետո ձեռք բերված որոշ պայմանավորվածություններին։

ArmLur.am-ը տեղեկացավ, որ, ըստ ֆրանսիական Le Figaro թերթի, լիցեյիստների կազմակերպությունները բողոքի ցույցեր են նախատեսում հոկտեմբերի 31-ին և նոյեմբերի 5-ին։

«Լիցեյիստներ» կազմակերպության ղեկավարի տեղակալ Լուի Լետուբլոնը հայտարարել է, որ իրենք շարունակելու են պայքարը։

«Մենք մինչև վերջ գնալու ենք, մենք կոչ ենք անում բողոքի ցույցեր անցկացնել հոկտեմբերի 31-ին և նոյեմբերի 5-ին»,- ասել է նա՝ ընդգծելով, որ ցուցարարները պետք է օգտվեն իշխանությունների ստեղծված իրավիճակից՝ լիցեյների աշակերտների իրավունքների պաշտպանության համար ավելի մեծ հնարավորություններ ստանալու նպատակով։

Հոկտեմբերի 26-ին Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լեկոռնյուն, ազգային կրթության նախարար Էդուար Ժեֆրեն և բարձրագույն կրթության նախարար Ֆիլիպ Բատիստը հանդիպել են լիցեյների աշակերտների, ապա նաև ուսանողական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

Հանդիպումներից հետո ազգային կրթության նախարար Էդուար Ժեֆրեն հայտարարել է, որ չեղարկվելու է կրթական հաստատություններում նախատեսված 836 աշխատատեղի կրճատումը։ Բացի այդ, լիցեյներում ուսուցիչների համար կստեղծվի 500 նոր աշխատատեղ։

Փոփոխություններ են նախատեսվում նաև դասարանների ծանրաբեռնվածության նվազեցման ուղղությամբ։ Լիցեյներում աշակերտների թիվը դասարաններում կսահմանափակվի մինչև 28-ը։ Մինչև 2027 ուսումնական տարին այս փոփոխությունը կիրականացվի այն լիցեյների 50 տոկոսում, որտեղ իրավիճակն առավել բարդ է, իսկ 2028 ուսումնական տարվանից՝ մյուս բոլոր լիցեյներում։

Չնայած իշխանությունների հայտարարած քայլերին՝ աշակերտական կազմակերպությունները մտադիր են շարունակել բողոքի ակցիաները՝ իրենց պահանջների լիարժեք կատարման հասնելու համար։

Անի Վարդանյան




Մամուլի Տեսություն

Լրահոս