Armenian text to speach

Եվրոպայում 6 ամսում Ռուսաստանի հետ կապվող 54 հիբրիդային հարձակում է բացահայտվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրոպական 17 հանրային հեռարձակողների համատեղ հետաքննության համաձայն՝ 2026 թվականի ապրիլի 1-ից հոկտեմբերի 15-ը Եվրոպայում արձանագրվել է Ռուսաստանի հետ կապվող առնվազն 54 հիբրիդային հարձակում կամ դավադրություն։ Դրանք ներառել են հրկիզումներ, դիվերսիայի փորձեր, անօդաչու թռչող սարքերի հարձակումներ և օդային տարածքի խախտումներ։ Նման միջադեպերի մեծ մասը գրանցվել է Լեհաստանում, Ռումինիայում և Լատվիայում։

Հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի եվրոպական գերազանցության կենտրոնի գնահատմամբ՝ նման գործողությունները դառնում են ավելի վտանգավոր՝ ներառելով նաև ֆիզիկական բռնություն։ Դրանց նպատակներից մեկը Ուկրաինային Արևմուտքի աջակցությունը թուլացնելն է։ Սև ծովում առևտրային նավերը նույնպես դարձել են անօդաչու սարքերի հարձակումների թիրախ։

Շվեդիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Կարլ-Յոհան Էդստրյոմը զգուշացրել է, որ Եվրոպան պետք է պատրաստ լինի երկարատև դիմակայության, որը կարող է տևել 10-15 տարի։ Նրա խոսքով՝ հիբրիդային գործողությունները կարող են տարածվել նաև Բալթիկ ծովի տարածաշրջանի այլ երկրներում։

Հետաքննության հեղինակները նշում են, որ հրապարակայնորեն բացահայտված դեպքերը չեն արտացոլում Ռուսաստանի հետ կապվող գործողությունների ամբողջ ծավալը։ Մոսկվան հերքում է իր մասնակցությունը եվրոպական դիվերսիաներին և, իր հերթին, Արևմուտքին մեղադրում Ռուսաստանի դեմ հիբրիդային պատերազմ վարելու մեջ։




Լրահոս