Ֆիննախը խախտումներ է հայտնաբերել ԿԳՆ-ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության տեսչությունը ստուգումներ է իրականացրել կրթության և գիտության նախարարությունում՝ հայտնաբերելով մի շարք խախտումներ:

Ըստ այդմ՝ անցյալ տարի՝ 2013թ. ՀՀ կրթության և գիտության նախարարության ծախսերի իրականացման ընթացքում անտեսվել են ՀՀ կառավարության հաստատած կարգի պահանջները, մասնավորապես` տարեվերջին դրամարկղի մնացորդը ՀՀ պետական բյուջե չի վերադարձվել, թույլ են տրվել առանձին ծախսային հոդվածներով գերածախսեր, որոնք հանգեցրել են կրեդիտորական պարտքերի առաջացման և հաջորդ տարիներին ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորման ենթակա լրացուցիչ պարտավորությունների ձևավորման:

Կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերում չեն նախատեսվել համապատասխան նորմեր սովորողների թվաքանակի փոփոխության հետ կապված պայմանագրային գումարի վերահաշվարկման համար:

Դա հանգեցրել է նրան, որ սովորողների թվի նվազման պայմաններում համապատասխան չափով բյուջեից հատկացվող գումարները չեն նվազել:

ՀՀ պետական բյուջեից կրթաթոշակների վճարման համար հատկացված գումարների մի մասը համապատասխան ծրագրերով նախատեսված նպատակով չեն ծախսել և պետական բյուջե չեն վերադարձրել: «Ավարտական փաստաթղթերի, գովասանագրերի, դասամատյանների, մեդալների, ծրարների, ուսումնական ծրագրերի, մանկավարժական պարբերականների և ուսումնադիտողական պարագաների ձեռքբերում» ծրագրով իրականացվել են 10 մլն 522.5 հազար դրամի ապրանքների ձեռք բերումներ, որոնց անհրաժեշտությունը ամբողջությամբ կամ հիմնական մասով չի եղել և ամբողջությամբ կամ հիմնականում, ըստ անալիտիկ հաշվառման տվյալների, մնում են որպես մնացորդներ:

6 մլն 370 հազար դրամի ուսուցողական ֆիլմերն առանց ծախսը հիմնավորող փաստաթղթերի` պահանջագրերի և բաշխման ցուցակների դուրս են գրվել ծախսերով:

Պարզվում է՝ նախարարությունը չի տրամադրել ուսուցիչների հավելավճարները. «Ատեստավորման միջոցով որակավորում ստացած ուսուցիչներին հավելավճարների տրամադրում» ծրագրով 2011-2013թթ. ՀՀ պետական բյուջեում նախատեսված գումարները ծրագրով նախատեսված նպատակներով չեն ծախսվել` նախատեսված 2 մլրդ 137 մլն 012 հազար դրամից ծրագրով նախատեսված նպատակներով ծախսվել է ընդամենը 6 մլն 722.4 հազար դրամը, իսկ մնացած գումարները հիմնականում նվազեցվել և ուղղվել են ՀՀ պետական բյուջեի այլ ծրագրերի ֆինանսավորմանը:

«Նախնական մասնագիտական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների հիմնանորոգում» և «ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ» ծրագրերով հիմնանորոգման նպատակով ՀՀ պետական բյուջեից նախարարությանը հատկացված գումարների ծախսումների ընթացքում թույլ են տրվել հավելագրումների ու անորակ աշխատանքների կատարման փաստեր, ինչպես նաև մի շարք օրենսդրական ակտերի պահանջների անտեսումներ:

Ուստի ստուգումների արդյունքում ֆիննախն առաջարկել է. «Ձեռնարկել համապատասխան միջոցառումներ արձանագրված գումարները ՀՀ պետական բյուջե վերականգնելու և անորակ կատարած աշխատանքները վերացնելու ուղղությամբ»:

Ինչպես նաև՝ պետական բյուջեում ծրագրային վերաբաշխումները կատարել միայն խիստ անհրաժեշտության դեպքերում: Որպես կրթության բնագավառի լիազոր պետական մարմին` քննարկել ուսումնական հաստատություններում սովորողների թվաքանակի փոփոխության հետ կապված ծախսերի վերահաշվարկի համապատասխան կարգ մշակելու և սահմանված կարգով շրջանառության մեջ դնելու անհրաժեշտության հարցը:

Բյուջետային ծրագրերով ուսումնական հաստատությունների հետ կնքվող պայմանագրերում նախատեսել համապատասխան պայման` կրթաթոշակի վճարման համար պայմանագրով նախատեսված գումարների չծախսված մնացորդները տարեվերջին ՀՀ պետական բյուջե վերադարձնելու վերաբերյալ:

«Ավարտական փաստաթղթերի, գովասանագրերի, դասամատյանների, մեդալների, ծրարների, ուսումնական ծրագրերի, մանկավարժական պարբերականների և ուսումնադիտողական պարագաների ձեռք բերում» ծրագրով թույլ չտալ նախատեսված գումարների հաշվին անարդյունավետ ծախսեր կատարելու դեպքեր: Ծրագրի շրջանակներում գնումների պլանի կազմման և իրականացման ընթացքում հաշվի առնել պահեստավորված միջոցների մնացորդները:




Լրահոս