Բյուջեով նախատեսված շուրջ 275 մլրդ-ից կարողացել ենք ծախսել 270 մլրդ-ը. ՏԿԵ նախարար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն այսօր նախարարությունում աշխատակիցների հետ կայացած տարեվերջյան խորհրդակցության ժամանակ ամփոփել է աշխատանքային տարին։

Նախարարը մասնավորապես նշել է, որ տարին բավական բարդ, մարտահրավերներով լի է եղել։ Այդուհանդերձ ՏԿԵ նախարարությունը տարին փակում է 98 տոկոս կատարողականով։

«Բյուջեով նախատեսված շուրջ 275 մլրդ-ից կարողացել ենք ծախսել 270 մլրդը»,- նշել է նախարարը և հավելել, որ տարվա ընթացքում նախատեսված ծրագրերին, գործողություններին ավելացել են նաև այլ՝ չպլանավորված աշխատանքներ։ Սեպտեմբերից ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց պատշաճ աջակցություն ցուցաբերելու համար նախարարությունը բարդ, բայց և համագործակցված աշխատանք է տարել մարզպետների աշխատակազմերի և համայնքների հետ։ Յուրաքանչյուր աշխատակից փորձել է անել հնարավորը, որպեսզի բռնի տեղահանված մեր հայրենակիցները զգան, որ պետական հոգածության ներքո են և ստանում են համապատասխան աջակցություն։

Խորհրդակցության երկրորդ հատվածում նախարարը շնորհակալագրեր է հանձնել նախարարության մի շարք աշխատակիցների 2023 թվականի ընթացքում կատարած լավագույն աշխատանքի, ցուցաբերած բարձր պատասխանատվության, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցման աշխատանքներին ակտիվ մասնակցության և պատշաճ կատարման համար։




Լրահոս