«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին ընդառաջ Սևանում համայնքապետի թեկնածուների շուրջ զարգացումները հետաքրքիր ընթացք են ստանում։
Ծովագյուղի նախկին համայնքապետ Վահրամ Գևորգյանը հայտարարել է, որ առաջադրվելու է «Միասնական համայնք» կուսակցությամբ։
Հատկանշական է, որ Սևանի համայնքապետի պաշտոնին հավակնող Վահրամ Գևորգյանը տարիներ առաջ պայքարում էր հենց այն գործընթացի դեմ, որի արդյունքում Ծովագյուղը ներառվեց Սևան խոշորացված համայնքի կազմում։
2021 թվականին, երբ իրականացվում էր համայնքների խոշորացման գործընթացը, Ծովագյուղում և Սեմյոնովկայում բնակիչները բողոքի ակցիաներ էին իրականացնում, ճանապարհներ փակում և բոյկոտում որոշումը։ Նրանց պահանջն էր՝ Ծովագյուղն ու Սեմյոնովկան չմիավորել Սևանի հետ, այլ պահպանել որպես առանձին համայնք։ Այդ ժամանակ Ծովագյուղի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Վահրամ Գևորգյանն էլ հրապարակայնորեն դեմ էր արտահայտվում Սևանին միավորվելուն՝ պնդելով, որ դա կարող է խոչընդոտել գյուղի զարգացմանը։
Փաստորեն, այն ժամանակ Սևանին միավորվելու դեմ պայքարած նախկին համայնքապետն այսօր արդեն ցանկանում է ղեկավարել ամբողջ Սևան համայնքը։
Նշենք, որ Վահրամ Գևորգյանը գործարար է, մեծահարուստ, նրան է պատկանում Ծովագյուղի հատվածում գտնվող խոշոր «ֆուդկորտը», խոշոր գազալցակայանը և այլ բիզնեսներ։
Օրերս էլ հայտնի դարձավ, որ ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունում ավարտվել է այլ անձանց օժանդակությամբ Վահրամ Գևորգյանի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելու եղանակով համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասերի, ինչպես նաև շինություններով ծանրաբեռնված հողատարածքներն ապօրինի օտարելու վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։
«Նախաքննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Վ.Գ.-ն 2012 թվականի նոյեմբերի 3-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքի ղեկավարի պաշտոնը, նշված ժամանակահատվածում, անձնական այլ շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, Ծովագյուղ համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասերն իր մորը և համագյուղացիներին իրական շուկայական գնից անհամեմատ ցածր գնով օտարելու նպատակով, ոչ իրավաչափ եղանակով կազմակերպել և անցկացրել է 5 հողամաս օտարելու վերաբերյալ ձևական աճուրդներ, իսկ 1 հողամաս ապօրինի, ուղղակի վաճառքով կրկին օտարել է մորը: Նշված 6 հողամասերի ապօրինի օտարման արդյունքում համայնքին պատճառվել է 38 մլն 318 հզր 325 ՀՀ դրամի վնաս։
Վ.Գ.-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ և 1-ին մասերով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը):
Վ.Գ.-ի հանցավոր գործունեությանն օժանդակելու համար ևս երեք անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ և 1-ին մասերով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելը) և 38-314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք կատարելուն օժանդակելը):
Պատճառված վնասը վերականգնելու նպատակով արգելանք է կիրառվել օտարված գույքերի նկատմամբ։
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին»,- այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ Քննչական կոմիտեից։
Մնում է տեսնել նաև, թե ինչ ընթացք կստանա ընտրապայքարը գործող քաղաքապետ Սարգիս Մուրադյանի, Վահրամ Գևորգյանի և ՔՊ-ի թեկնածու Սուրեն Գրիգորյանի մասնակցությամբ։
Ըստ իշխանական հարցումների՝ այստեղ ազդեցիկ է համայնքի գործող ղեկավար Սարգիս Մուրադյանը, իսկ ՔՊ թեկնածուն անհայտ դեմք է։
Սակայն մարզպետ Կարեն Սարգսյանը ՔՊ-ում խոստացել է հաղթանակ Սևանում»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




























