Armenian text to speach

Ի՞նչ ունեցվածք ունի պատգամավոր Իրինա Յոլյանը  

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ուսումնասիրել պաշտոնատար անձանց հայտարարագրերը՝ հանրությանը ներկայացնելով, թե ովքեր են նրանք և ինչ ունեցվածք ունեն։

Այս անգամ ուսումնասիրել ենք ընդդիմադիր պատգամավոր, Գորիսի համայնքի ղեկավարի նախկին տեղակալ Իրինա Յոլյանի՝ 2025 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագիրը։

Իրինա Յոլյանը ծնվել է 1983 թվականի հունվարի 23-ին Գորիսում։ 2006 թվականին ավարտել է Գորիսի պետական համալսարանը՝ ստանալով մանկավարժի մասնագիտություն և մասնագիտական մագիստրոսի որակավորում։
2001-2009 թվականներին աշխատել է Գորիսի «Լաստ» հեռուստաընկերությունում՝ որպես լրագրող, այնուհետև՝ լրատվական բաժնի պատասխանատու։ 2006-2016 թվականներին թղթակցել է «Արմենիա», «Հանրային» և «Երկիր Մեդիա» հեռուստաընկերություններին, ինչպես նաև Hetq.am լրատվական կայքին։ Եղել է ditaket.am կայքի խմբագիրը։

2014-2017 թվականներին եղել է «Ազատություն» ռադիոկայանի Սյունիքի մարզային պատասխանատուն։ 2009-2019 թվականներին «ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամի խորհրդի անդամն էր և զարգացման ծրագրերի ղեկավար։ 2017 թվականի օգոստոսից մինչև 2018 թվականի փետրվարը զբաղեցրել է Գորիսի համայնքապետարանի մամուլի քարտուղարի պաշտոնը, իսկ 2018-2026 թվականներին եղել է համայնքի ղեկավարի տեղակալ։

2026 թվականի հունիսի 7-ին Իրինա Յոլյանն Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով։

Անշարժ գույք
Հայտարարագրի համաձայն՝ Իրինա Յոլյանն ունի բնակարան Սյունիքի մարզի Գորիս համայնքում։ Այն ձեռք է բերել 2018 թվականի փետրվարի 13-ին՝ գնման եղանակով։ 2025 թվականի ընթացքում Յոլյանը նոր անշարժ գույք ձեռք չի բերել և առկա անշարժ գույք չի օտարել։

Եկամուտ
2025 թվականին Գորիսի համայնքապետարանի աշխատակազմից ստացած աշխատավարձը կազմել է 3 միլիոն 956 հազար 668 դրամ։
Բացի այդ, նա «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմիտեից» քաղաքացիաիրավական այլ պայմանագրով ստացել է 102 հազար դրամ եկամուտ։
Այսպիսով, 2025 թվականի ընթացքում Յոլյանի հայտարարագրած ընդհանուր եկամուտը կազմել է 4 միլիոն 58 հազար 668 դրամ։

Դրամական միջոցներ
Յոլյանի բանկային հաշվի մնացորդը տարվա սկզբին կազմել է 500 հազար դրամ, իսկ տարեվերջին՝ 1 միլիոն դրամ։
Կանխիկ դրամական միջոցները տարվա սկզբի 300 հազար դրամից տարեվերջին հասել են 2 միլիոն դրամի։

Վարկեր
Հայտարարագրի համաձայն՝ 2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Յոլյանն ունեցել է երկու վարկ, որոնց մայր գումարի մնացորդները կազմել են համապատասխանաբար 8 միլիոն և 5 միլիոն դրամ։ Ընդհանուր վարկային պարտավորությունների չափը կազմել է 13 միլիոն դրամ։

Ընտանիքի անդամի բիզնեսը
Հայտարարագրում նշված է նաև, որ Յոլյանի հետ համատեղ բնակվող չափահաս անձ Հայկ Աթայանը 2025 թվականի հունվարի 17-ից «Գորիստա» ընկերության 51 տոկոսի բաժնեմասի սեփականատերն է և զբաղեցնում է ընկերության տնօրենի պաշտոնը։
Այսպիսով, Իրինա Յոլյանի 2025 թվականի հայտարարագրում նշված են Գորիսում գտնվող բնակարան, 4 միլիոն 58 հազար 668 դրամ ընդհանուր եկամուտ, 2 միլիոն դրամ կանխիկ գումար և 13 միլիոն դրամի վարկային պարտավորություններ։

 

Սոնա Գրիգորյան




Մամուլի Տեսություն

Լրահոս