«Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանը չի հաշտվում նոր կարգավիճակի հետ․ խարդավանքներ է հրահրում
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ, ՔՊ շարքային պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը չի համակերպվում խորհրդարանում իր նոր կարգավիճակի հետ։ Նոր խորհրդարանի աշխատանքների մեկնարկից ի վեր Քոչարյանը կարծես փորձում է ընդգծել, որ իրեն չի նույնացնում ՔՊ խմբակցության մյուս պատգամավորների հետ՝ նախընտրելով գործել առանձին և սեփական օրակարգով։ Դրա հերթական դրսևորումը, ըստ էության, նկատվեց երեկ՝ հոկտեմբերի 27-ին։ Մինչ ՔՊ խմբակցության պատգամավորները միասին այցելել էին խորհրդարանի բակում գտնվող՝ հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան և ծաղիկներ խոնարհել, Անդրանիկ Քոչարյանը նախ եկավ, գրանցվեց Ազգային ժողովում, ապա արագ հեռացավ։ Նա գնացել էր «Եռաբլուր» զինվորական պանթեոն, մինչ այդ ՔՊ խմբակցությունը միահամուռ կերպով ԱԺ այգում ծաղիկներ խոնարհեցին հուշահամալիրի մոտ։ Անցած տարի նա ներկայացավ ՔՊ-ի հետ, հետո նոր գնաց Եռաբլուր։
Սևանի քաղաքապետի աթոռին հավակնող Վահրամ Գևորգյանը նախկինում պայքարում էր միավորման դեմ․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին ընդառաջ Սևանում համայնքապետի թեկնածուների շուրջ զարգացումները հետաքրքիր ընթացք են ստանում։ Ծովագյուղի նախկին համայնքապետ Վահրամ Գևորգյանը հայտարարել է, որ առաջադրվելու է «Միասնական համայնք» կուսակցությամբ։ Հատկանշական է, որ Սևանի համայնքապետի պաշտոնին հավակնող Վահրամ Գևորգյանը տարիներ առաջ պայքարում էր հենց այն գործընթացի դեմ, որի արդյունքում Ծովագյուղը ներառվեց Սևան խոշորացված համայնքի կազմում։ 2021 թվականին, երբ իրականացվում էր համայնքների խոշորացման գործընթացը, Ծովագյուղում և Սեմյոնովկայում բնակիչները բողոքի ակցիաներ էին իրականացնում, ճանապարհներ փակում և բոյկոտում որոշումը։ Նրանց պահանջն էր՝ Ծովագյուղն ու Սեմյոնովկան չմիավորել Սևանի հետ, այլ պահպանել որպես առանձին համայնք։ Այդ ժամանակ Ծովագյուղի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Վահրամ Գևորգյանն էլ հրապարակայնորեն դեմ էր արտահայտվում Սևանին միավորվելուն՝ պնդելով, որ դա կարող է խոչընդոտել գյուղի զարգացմանը։ Փաստորեն, այն ժամանակ Սևանին միավորվելու դեմ պայքարած նախկին համայնքապետն այսօր արդեն ցանկանում է ղեկավարել ամբողջ Սևան համայնքը։ Նշենք, որ Վահրամ Գևորգյանը գործարար է, մեծահարուստ, նրան է պատկանում Ծովագյուղի հատվածում գտնվող խոշոր «ֆուդկորտը», խոշոր գազալցակայանը և այլ բիզնեսներ։
ՔՊ-ն պատրաստվում է ՏԻՄ ընտրություններին․ ո՞ր համայնքներում է պայքար սպասվում․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթի՝ իշխանություններին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ՝ հոկտեմբերի 25-ի ընտրական գործընթացներից հետո ՔՊ-ում արդեն ակտիվորեն պատրաստվում են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այս պահին իշխանական շրջանակներում քննարկումների առանցքում երեք համայնք է՝ Սյունիքի մարզի Կապանը, Արագածոտնի մարզի Ապարանն ու Գեղարքունիքի մարզի Սևանը։ Ըստ մեր տեղեկությունների՝ իշխանությունների համար առաջնահերթ խնդիր է այս համայնքներում իրենց թեկնածուների հաղթանակն ապահովելը։ Իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ՝ իշխանական շրջանակներում հատկապես կարևորում են Կապանի համայնքապետի ընտրությունները։ ՔՊ-ն ջանքեր է գործադրում՝ թույլ չտալու, որ համայնքում հաղթի գործող համայնքապետ Գևորգ Փարսյանը։ Բայց իրենց թեկնածուն՝ Նարեկ Բաբայանը, այնքան էլ ընդունված և սիրված կերպար չէ քաղաքում, ավելին՝ նրան նույնացնում են կոռուպցիայի և հովանավորչության հետ, քանի որ «Կոմբինատի Նարեկը» բոլորի աչքի առաջ անթաքույց հարստացել է վերջին տարիներին։ Իշխանությունների ուշադրության կենտրոնում է նաև Ապարան համայնքը, որտեղ, մեր աղբյուրների փոխանցմամբ, ևս ակտիվ պայքար է սպասվում։
«Հրապարակ»․ Ստիպում են Շաթիրյանին՝ չառաջադրվել
«Սահմանադրական դատարանի նախագահի ընտրությունների առաջին փորձի տապալումից հետո ՔՊ-ում անակնկալի են եկել, որ Վլադիմիր Վարդանյանը չանցավ, եւ այժմ փորձում են հասնել նրան, որ հաջորդ փուլում՝ նոյեմբերի 6-ին, նրա մրցակից Էդգար Շաթիրյանը չառաջադրվի։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 24-ին ՍԴ աշխատակարգային նիստում առաջադրվել էր 2 թեկնածու՝ Վլադիմիր Վարդանյանը եւ ՍԴ փոխնախագահ Էդգար Շաթիրյանը, որն այս պահին ՍԴ նախագահի լիազորություններն է կատարում: Ընտրվելու համար 9 դատավորից 6-ը պետք է կողմ քվեարկեր տվյալ թեկնածուին, իսկ եթե առաջադրվում է 1 թեկնածու, ապա նա պետք է ստանա առնվազն 5 ձայն: Սակայն այդ օրը ո՛չ 6, ո՛չ էլ 5 ձայն ստացող չեղավ։
ՍԴ մեր աղբյուրները պատմում են, որ Վլադիմիր Վարդանյանը նիստից առաջ իրեն արդեն ՍԴ նախագահ է զգացել՝ մի գրամ կասկած չունենալով իր ընտրության հարցում։ Քվեարկությունից հետո շոկի են մատնվել ե՛ւ Վարդանյանը, ե՛ւ նրա հովանավորները ու հասկացել են, որ ՍԴ-ում հստակ ձեւավորված թիմ է գործում, որին ՔՊ-ում արդեն «գրանտակերների թիմ» անունն են տվել։ Ի դեպ, Շաթիրյանը հունիսի 7-ի ընտրությունների հետ կապված ընդդիմության հայցերի քննության ժամանակ լիովին արդարացրել է Փաշինյանի հույսերը՝ կոշտ հակադարձելով ընդդիմադիրներին, ուստի ոմանք չեն բացառում, որ նա դառնա ՍԴ նախագահ։ Ըստ լուրերի, Շաթիրյանի թեկնածությունն ակտիվորեն լոբբինգ է անում Սեդա Սաֆարյանը։
«Իրավունք». Եկեղեցու դեմ արշավի մեկնարկը կտրվի այսօր
Եկեղեցու դեմ արշավի մեկնարկը կտրվի այսօր՝ Ազգային ժողովում, կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ։ ՔՊ-ական աղբյուրների փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանը հատուկ հարցեր է ուղարկել, որ պատգամավորները հնչեցնեն։
Մանրամասները՝ տեսանյութում․




























