Armenian text to speach

Եվրոպան պատրաստվում է ուղիղ բանակցություններ վարել Ռուսաստանի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրոպան ավելի ակտիվ քայլեր է ձեռնարկում Ռուսաստանի հետ ուղիղ բանակցություններ սկսելու ուղղությամբ՝ Ուկրաինայի պատերազմը դադարեցնելու և եվրոպական անվտանգության ապագան քննարկելու նպատակով։ Այս մասին գրում է Euronews-ը։

Հոկտեմբերի 27-ին Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը և Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գահր Ստյորեն հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ քննարկելով խաղաղ բանակցությունների վերսկսման հարցը։ Կրեմլի փոխանցմամբ՝ կողմերը պայմանավորվել են հետագայում ևս պահպանել ուղիղ հեռախոսային կապը։

Միաժամանակ Եվրահանձնաժողովն ու Եվրոպական խորհուրդը պատրաստվում են բարձրաստիճան պաշտոնյաներից կազմված պատվիրակություն ուղարկել Աբու Դաբիում նոյեմբերի սկզբին սպասվող բանակցությունների հաջորդ փուլին։ Քննարկվում է նաև բազմակողմ ձևաչափով հանդիպման հնարավորությունը՝ եվրոպական երկրների, Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի մասնակցությամբ։

Եվրոպական երկրների միջև, սակայն, Ռուսաստանի հետ ուղիղ բանակցությունների հարցում միասնական դիրքորոշում չկա։ Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը կասկածի տակ է դրել Ֆինլանդիայի և Նորվեգիայի նախաձեռնության արդյունավետությունը, իսկ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը կոչ է արել զգուշավոր լինել Մոսկվայի հետ շփումներում։

Euronews-ի գնահատմամբ՝ Եվրոպայի դիրքորոշման փոփոխության պատճառներից մեկն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների ակտիվացումն է։ Եվրոպական երկրները մտահոգված են, որ Վաշինգտոնի և Մոսկվայի միջև հնարավոր պայմանավորվածությունները կարող են ընդունվել առանց Ուկրաինայի և եվրոպական պետությունների շահերը լիարժեք հաշվի առնելու։

Եվրոպական կողմի նպատակն է բանակցային գործընթացում ավելի մեծ դեր ստանձնել, պաշտպանել Ուկրաինայի դիրքորոշումը և ապահովել եվրոպական անվտանգության շահերի ներկայացվածությունը։

Անի Վարդանյան




Մամուլի Տեսություն

Լրահոս