Նոյեմբերի 29-ին Մեծամոր համայնքում համայնքապետի ընտրություններ են։ Տեղական քաղաքական շրջանակներում քննարկվում են հնարավոր թեկնածուների անունները, իսկ համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարը խոստանում է հետաքրքիր զարգացումներ։
Հիմնական թեկնածուներից է 2025 թվականի սեպտեմբերի 11-ին Մեծամորի համայնքի ղեկավար նշանակված, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Էդգար Հովհաննիսյանը։ Նրա ունեցվածքի վերաբերյալ ավելի վաղ անդրադարձել էր ArmLur.am-ը։
Հրապարակման համաձայն՝ Հովհաննիսյանի երկու բանկային հաշիվներում տարվա սկզբին եղել է համապատասխանաբար 1 մլն դրամ և 3 մլն 449 հազար 977 դրամ։ Տարվա վերջին այդ գումարները կազմել են համապատասխանաբար 1 մլն դրամ և 2 մլն 802 հազար 323 դրամ։ Իսկ կանխիկ դրամական միջոցները տարվա սկզբին և վերջին հայտարարագրվել են 11 մլն դրամի չափով։
Սակայն Մեծամորի ընտրական գործընթացում Հովհաննիսյանից բացի ուշադրության կենտրոնում է նաև Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանի անունը։ ArmLur.am-ը նախկինում գրել էր, որ Խաչատրյանը ցանկանում է թողնել մարզպետի պաշտոնը և կրկին զբաղեցնել Մեծամորի համայնքապետի պաշտոնը։ Այս զարգացումները դիտարկվում էին մարզպետների լիազորությունների հնարավոր կրճատման և կառավարման նոր համակարգի ձևավորման համատեքստում։
Արդյոք Վահրամ Խաչատրյանը կմիանա՞ համայնքապետի ընտրապայքարին, և ի՞նչ դիրքորոշում կորդեգրի ՔՊ-ն՝ իր անդամ Էդգար Հովհաննիսյանի թեկնածության հարցում։ Այս հարցերի պատասխանները դեռ պարզ չեն։
Մի բան ակնհայտ է․ նոյեմբերի 29-ի ընտրությունները Մեծամորում կարող են դառնալ ոչ միայն համայնքային իշխանության, այլև ՔՊ-ի ներսում քաղաքական հաշվարկների կարևոր փորձություն։ Իսկ թե ով կստանա համայնքի բնակիչների վստահությունը, ցույց կտա ընտրության արդյունքը։
Վիկտորյա Բուդաղյան




























