Armenian text to speach

Ստեփանավանում ՔՊ-ն աջակցում է նախկին թեկնածուին. ի՞նչ պայմանավորվածություն է ձեռքբերվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ստեփանավանում ՏԻՄ ընտրություններն այս անգամ բավական հետաքրքիր ընթացք ունեցան։ Համայնքի գործող ղեկավար, նախկին ՔՊ-ական Արմեն Գրիգորյանը ընտրություններին մասնակցեց ոչ թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, այլ «Գործարար» կուսակցության ցուցակով և փաստացի հաղթեց իշխող ուժի թեկնածուին։

Նախընտրական շրջանում ՔՊ-ն որոշել էր չսատարել Գրիգորյանի թեկնածությունը՝ առաջադրելով Լոռի Բերդի համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանին։ Սակայն ընտրություններից հետո իրավիճակը փոխվեց։

Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը հայտարարեց, որ նախօրոք ձեռք բերված փոխըմբռնման համաձայն՝ Ստեփանավանի ավագանու ՔՊ խմբակցությունը կքվեարկի Արմեն Գրիգորյանի օգտին։ Մարզպետի խոսքով՝ Գրիգորյանը ընտրական տեխնիկական պահանջների պատճառով սառեցրել էր ՔՊ-ին իր անդամակցությունը, սակայն արդեն դիմել է այն ապասառեցնելու համար։

Մկրտչյանը նաև ընդգծել էր, որ ավագանիում չեն պատրաստվում ձևականորեն հանդես գալ երկու տարբեր խմբակցություններով, այլ գործելու են որպես միասնական «Քաղաքացիական պայմանագիր»։

Այս հայտարարություններից հետո հարցեր են առաջանում ՔՊ-ի՝ Գրիգորյանի նկատմամբ դիրքորոշման փոփոխության, կուսակցության անդամակցությունը սառեցնելու պատճառների և ընտրություններից առաջ ու հետո ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ։

Մասնավորապես՝ ինչո՞ւ ՔՊ-ն նախընտրական շրջանում չսատարեց Գրիգորյանին, եթե ընտրություններից հետո պատրաստ է աջակցել նրա թեկնածությանը։ Ի՞նչ տեխնիկական պահանջ էր ստիպել նրան սառեցնել կուսակցական անդամակցությունը, և ե՞րբ է դիմել այն վերականգնելու համար։ Արդյո՞ք «Գործարար»-ի ցուցակով ընտրված ավագանու անդամները ևս հանդես են գալու ՔՊ-ի քաղաքական գծով։ Եվ ի՞նչ պայմանավորվածություն է ձեռք բերվել կողմերի միջև։

Այս հարցերով դիմեցինք Արմեն Գրիգորյանին՝ խնդրելով պարզաբանել իրավիճակը։

Ի պատասխան՝ նա նշեց, որ մինչեւ ավագանու նիստն այլ մեկնաբանություն չունի որեւէ հարցի վերաբերյալ։ Վերընտրված համայնքապետի գնահատմամբ՝ հանրությանն ամենահուզող հարցերի պատասխանն արդեն հնչվել է։
Այլ հարցերի վերաբերյալ Արմեն Գրիգորյանն առաջարկեց զրուցել ավագանու նիստից հետո։

Նանիկ Աղասյան




Մամուլի Տեսություն

Լրահոս