Իսպանիայում երկու արագընթաց գնացքների բախման հետևանքով առնվազն 69 մարդ է զոհվել, ավելի քան 100-ը՝ վիրավորվել։ CNN-ի փոխանցմամբ՝ նախնական տեղեկությունների համաձայն՝ ողբերգական վթարի հնարավոր պատճառների թվում են երկաթուղային անվտանգության համակարգի խափանումը և մարդկային գործոնը։
Վթարը տեղի է ունեցել Տոլեդո նահանգի Ուրդա քաղաքի մերձակայքում՝ Մադրիդն ու Սևիլիան կապող արագընթաց երկաթուղային գծում։ Իսպանիայի պետական «Renfe» ընկերության գնացքը բախվել է մասնավոր «Iryo» ընկերության անշարժ գնացքին։
Դեպքի պահին երկաթուղային հատվածում երթևեկությունը խաթարված է եղել՝ գնացքների կառավարման LZB անվտանգության համակարգի հետ կապված խնդրի պատճառով։
Ինչն է հանգեցրել բախմանը
Իսպանիայի տրանսպորտի նախարար Օսկար Պուենտեի խոսքով՝ համակարգչային խափանման հետևանքով 63 կիլոմետրանոց հատվածում գնացքները կանգնեցվել են ավտոմատ կերպով։ Դրանից հետո երկաթուղային ենթակառուցվածքը կառավարող պետական ADIF ընկերությունը համակարգի կառավարումը վերցրել է ձեռքով։
Նախարարի ներկայացմամբ՝ սխալ հրահանգի հետևանքով «Renfe»-ի գնացքին թույլատրվել է շարունակել երթևեկությունը՝ չնայած կարմիր ազդանշանին։ Ընդ որում՝ գնացքը շարժվել է առանց արագության սահմանափակման։ Պուենտեի խոսքով՝ տեղական ժամանակով ժամը 08։36-ից մինչև 08։52-ն ընկած ժամանակահատվածում գնացքը վերսկսել է երթևեկությունը՝ զարգացնելով ժամում մոտ 124 մղոն՝ շուրջ 200 կմ արագություն, և բախվել է կանգնած «Iryo» գնացքին։
«Կարմիր ազդանշանը արգելում էր շարժումը, սակայն գնացքին թույլատրվել է շարունակել երթևեկությունը»,- հայտարարել է նախարարը՝ տեղի ունեցածը բնութագրելով որպես անհասկանալի հանգամանքներում կայացված որոշում։
Դեպքի առնչությամբ ամբողջական քննություն է սկսվել։ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել է, որ եթե պարզվի՝ եղել է անփութություն, այն կբացահայտվի, իսկ անվտանգության համակարգի թերությունները կշտկվեն խստագույնս։
Անի Վարդանյան






















