«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Նիկոլ Փաշինյանը շարունակում է սպառնալ ընդդիմությանը եւ նոր հոկտեմբերի 2 է պլանավորում՝ հասնելու Ալիեւի պահանջով Սահմանադրությունը փոխելու նպատակին։ «Շատ տարօրինակ մի բան տեղի կունենա. եթե սովորաբար խորհրդարանի առաջ ընդդիմությունն է ցույց անում, ապա հիմա հնարավոր է` իշխանությունը սկսի ցույց անել, ու արդյունքում ժողովուրդը պահանջի ընդդիմությունից, որ կողմ քվեարկի սահմանադրական փոփոխություններին»,- այս մասին երեկ ճեպազրույցում հայտարարել է Փաշինյանը։
Հիշեցնենք, որ 2018 թվականի հոկտեմբերի 2-ը նորագույն պատմության մեջ կմնա որպես խորհրդարանի եւ սահմանադրական արժեքների վրա հարձակման օր, երբ Փաշինյանի հրահանգով այդ օրը ժողովուրդը ներխուժեց խորհրդարան, եւ ճնշման ներքո խորհրդարանը ցրվեց, ու հայտարարվեցին արտահերթ ընտրություններ։ Բայց, ըստ ամենայնի, Փաշինյանը հիմնովին կտրվել է իրականությունից, եթե հույս ունի, որ 18-ի նման իր կոչով մարդիկ դուրս կգան փողոց ու ակցիա կանեն, այն էլ՝ պահանջելու, որ Հայաստանը կատարի Ալիեւի հերթական պահանջը»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում:




























