Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։15-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 121-րդ կմ հատվածում, «Չայնիի» ոլորաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 40-ամյա Տիգրան Ա․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով բախվել է բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշներին և կոտրել դրանք։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի և գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Կարեն Սախոյանը և Տարոն Բարսեղյանը։
Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը։




























