Կոտայքի մարզպետի տեղակալ Վասակ Վարդանյանը հայտնում է․
«Հարգելի´ հայրենակիցներ, սիրելի՛ կոտայքցիներ,
Իմ դիմումի համաձայն՝ ավարտում եմ աշխատանքս Կոտայքի մարզպետի տեղակալի պաշտոնում։
Ավելի քան ութ տարվա իմ աշխատանքային գործունեությունը կարևոր ու պատասխանատու փուլերից մեկն էր՝ լի հանդիպումներով, համատեղ որոշումներով, դժվարություններով ու ձեռքբերումներով։ Ամեն մի իրականացված ծրագրի ու լուծված խնդրի հետևում տեսել եմ ձեզնից յուրաքանչյուրի առօրյան ավելի լավը դարձնելու հնարավորությունը և փորձել իմ աշխատանքով օգտակար լինել ձեզ։
Իմ հասարակական ու քաղաքական գործունեության հիմքում եղել է ուժեղ, կայուն և արժանապատիվ պետություն ունենալու համոզմունքը։ Այդ համոզմունքով եմ եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողքին նրա քաղաքական գործունեության վաղ շրջանից և կանգնած եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ձևավորման ակունքներում, իսկ հետագայում ստանձնել պետական ծառայության պատասխանատվությունը։
Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ տարիների վստահության, համատեղ անցած ճանապարհի և պետական պատասխանատու գործում իմ ներդրումն ունենալու հնարավորության համար։
Խորին շնորհակալություն եմ հայտնում Կոտայքի մարզպետի աշխատակազմի բոլոր գործընկերներիս, համայնքների ղեկավարներին և աշխատակիցներին։ Ձեր ամենօրյա աշխատանքով, սրտացավությամբ ու պատասխանատվությամբ են հնարավոր դարձել այն գործերը, որոնք միասին իրականացրել ենք մեր մարզի ու մեր պետության համար։
Երախտագիտությունս եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր այս տարիների ընթացքում վստահել են ինձ, աջակցել, բարձրաձայնել իրենց մտահոգություններն ու խնդիրները և օգնել լուծումներ գտնել։
Այդ վստահությունն ինձ համար մեծագույն արժեք է։
Համոզված եմ՝ յուրաքանչյուրիս ազնիվ աշխատանքով,արժանապատվությամբ և ներդրումով է կերտվում ավելի հզոր Հայաստանը։
Ավարտում եմ աշխատանքիս այս փուլը՝ ձեռք բերելով մեծ փորձ և ամուր կապեր։ Առջևում ևս անելիքներ կան, և ես պատրաստ եմ իմ փորձը, ուժն ու ջանքերը ներդնել այնտեղ, որտեղ կարող եմ օգտակար լինել Հայաստանի Հանրապետությանը և մեր քաղաքացիներին։
Հայրենիքին ծառայելու իմ պատրաստակամությունը շարունակվում է»։


















































































