Բուլղարիայի գործող նախագահ Իլիանա Յոտովան հաղթել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլում։ Այս մասին վկայում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գրեթե վերջնական տվյալները։
Քվեատեղամասերի արձանագրությունների 99.95%-ի հաշվարկից հետո Յոտովայի և Կիրիլ Վալչևի թեկնածուների զույգը ստացել է ձայների 57.58%-ը՝ շուրջ 1.1 միլիոն քվե։ Նրանց մրցակիցներ Անդրեյ Գյուրովը և Գեորգի Կանդևը ստացել են 39.47%՝ շուրջ 749 հազար 500 ձայն։
Ընտրողների 2.95%-ը ընտրել է «Ոչ մեկին չեմ աջակցում» տարբերակը։
Երկրորդ փուլն անցկացվել է նոյեմբերի 1-ին։ Հոկտեմբերի 25-ին կայացած առաջին փուլում թեկնածուներից ոչ մեկը չէր ստացել հաղթանակի համար անհրաժեշտ ձայների մեծամասնությունը։ Առաջին փուլում Յոտովա-Վալչև զույգը ստացել էր ձայների 34.6%-ը, իսկ Գյուրով-Կանդև զույգը՝ 32%-ը։
Յոտովան նախկինում զբաղեցրել է Բուլղարիայի փոխնախագահի պաշտոնը։ 2026 թվականի հունվարին Ռումեն Ռադևի հրաժարականից հետո նա ստանձնել էր նախագահի պարտականությունները։ Ռադևը հրաժարական էր տվել՝ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար, որոնցում հաղթել էր։
Նշենք, որ Ռադևը սատարել է Յոտովայի թեկնածությանը։ Երկուսն էլ հանդես են եկել Ուկրաինայում պատերազմը դիվանագիտական ճանապարհով ավարտելու օգտին։
Անի Վարդանյան


















































































