Հոկտեմբերի 21-ին խուլիգանության դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 17։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոյեմբերյանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ «Նոյեմբերյան» բժշկական կենտրոնում ստացիոնար բուժման մեջ գտնվող Երևանի բնակիչ 79-ամյա Հայկանուշ Մ․-ի հարազատները պարբերաբար անհիմն վիրավորանքներ են հնչեցնում բժշկական կենտրոնի անձնակազմի հասցեին, փորձում են հրահրել կոնֆլիկտային իրավիճակներ, ցուցաբերում են անհարգալից վերաբերմունք և խաթարում բուժանձնակազմի աշխատանքը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բժշկական կենտրոն է մեկնել ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։
Բուժկենտրոնում Շիրակի մարզի բնակիչ 40-ամյա Արմենակ Պ․-ն ոստիկաններին հայտնել է, որ ստացիոնար բուժման մեջ գտնվող Հայկանուշ Մ․-ն և վերջինիս խնամող երկու դուստրերը՝ Երևանի բնակիչներ 49-ամյա Անահիտ Մ․-ն և 58-ամյա Արմենուհի Մ․-ն, հաճախակի կոնֆլիկտային իրավիճակներ են ստեղծում, բուժանձնակազմի և բուժման մեջ գտնվող այլ անձանց նկատմամբ ցուցաբերում անհարգալից վերաբերմունք, պարբերաբար անհիմն վիրավորանքներ հնչեցնում բուժանձնակազմի հասցեին և փորձում միջամտել բուժական գործընթացին՝ այդպիսով խաթարելով բուժանձնակազմի բնականոն աշխատանքը։
Դեպքի փաստով ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժին։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Արմենակ Պ․-ն աշխատում է «Նոյեմբերյան» բժշկական կենտրոնում՝ որպես անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ։






















