Armenian text to speach

Շրջակա միջավայրի նախարարությունը 18.5 մլն դրամի տեսանյութ է պատվիրել․ պայմանագիրը հրապարակված չէ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պետական գնումների ուսումնասիրությունից ArmLur.am-ը պարզել է, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը 18 միլիոն 500 հազար դրամի պայմանագիր է նախատեսել տեսանյութի պատրաստման ծառայության ձեռքբերման համար։

Կառավարության պաշտոնական կայքի՝ մեկ անձից կատարվող գնումների բաժնում հրապարակված տվյալների համաձայն՝ գնումը կատարվել է «Գնումների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին կետի հիման վրա։ Ծառայության մատուցողը «Ոսկե Ծիրան Փրոդաքշն» ընկերությունն է։

Պայմանագրի համաձայն՝ գնման արժեքը կազմում է 18 միլիոն 500 հազար դրամ, իսկ ծառայության մատուցման վերջնաժամկետը 2026 թվականի դեկտեմբերի 25-ն է։ Գնման վերաբերյալ տվյալները հրապարակվել են հոկտեմբերի 26-ին։

Ուշագրավ է, սակայն, որ կառավարության կայքում հրապարակված գնումների տվյալների շարքում առկա է նշված գործարքի մասին տեղեկատվությունը, մինչդեռ կողմերի միջև կնքված պայմանագիրը կցված չէ։ Այսինքն՝ հանրությանը հասանելի չէ այն փաստաթուղթը, որով հնարավոր կլիներ ծանոթանալ ծառայության մատուցման կոնկրետ պայմաններին, աշխատանքների ծավալին և այլ մանրամասներին։

Հաշվի առնելով, որ խոսքը պետական բյուջեից հատկացվող 18.5 միլիոն դրամի մասին է՝ պայմանագրի բացակայությունը հարցեր է առաջացնում գնումների թափանցիկության և հանրային վերահսկողության տեսանկյունից։
ArmLur.am-ը կհետևի թեմայի զարգացումներին։

Սոնա Գրիգորյան




Մամուլի Տեսություն

Լրահոս