2027 թվականի հունվարի 1-ից Հայաստանում առևտրի և հանրային սննդի օբյեկտներում կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկից պատրաստված մի շարք ապրանքների օտարումն ու առկայությունը։
Այս մասին ArmLur.am-ը տեղեկացավ Շրջակա միջավայրի նախարարությունից։
Սահմանափակումը կվերաբերի առևտրի օբյեկտներին, հանրային սննդի կետերին, առևտրի իրականացման վայրերին, շրջիկ առևտրի կետերին, տոնավաճառներին, վերնիսաժներին, ցուցահանդես-վաճառքներին, շրջածախ առևտրին, ինչպես նաև բացօթյա մանրածախ առևտրին։
Նախարարությունից ներկայացրել են նաև, թե կոնկրետ որ ապրանքներն են հայտնվելու արգելքի տակ և ինչ բացառություններ են նախատեսված։
Մասնավորապես, կարգելվի մեկանգամյա օգտագործման պլաստիկից, այդ թվում՝ կենսաքայքայվող պլաստիկից, պատրաստված դանակների, պատառաքաղների, գդալների, խառնելու և ըմպելու ձողիկների, ափսեների, բաժակների ու բաժակների կափարիչների վաճառքն ու առկայությունը։ Արգելքը կվերաբերի նաև պլաստիկից կամ փրփրապլաստից պատրաստված տարաներին։
Որպես այլընտրանք՝ առաջարկվում է օգտագործել փայտից կամ այլ բնական հումքից պատրաստված դանակներ, պատառաքաղներ, գդալներ և խառնելու ձողիկներ, թղթե ըմպելու ձողիկներ, բաժակներ, կափարիչներ ու ափսեներ, ինչպես նաև էկոլոգիապես անվտանգ տարաներ։
Արգելքը կվերաբերի նաև պոլիէթիլենային պարկերին ու տոպրակներին, այդ թվում՝ վերամշակված հումքից պատրաստված բռնակով տոպրակներին։
Սակայն նախատեսված են որոշ բացառություններ։ Մասնավորապես, թույլատրվում է կշռափաթեթավորման համար օգտագործվող պարկերի՝ առանց բռնակների տոպրակների առկայությունն ու օտարումը։ Բացառություն են նաև երկրորդային հումքից պատրաստված՝ աղբի համար նախատեսված պարկերը, որոնք նույնպես պետք է լինեն առանց բռնակի։
Կշռափաթեթավորում է համարվում ապրանքի սանիտարահիգիենիկ նորմերի և որակական հատկությունների ապահովման նպատակով, ինչպես նաև կշռող սարքի օգտագործմամբ իրականացվող փաթեթավորումը։
Բացառություն են նախատեսված նաև կշռափաթեթավորման համար օգտագործվող պլաստիկ կամ փրփրապլաստից պատրաստված կափարիչով տարաների համար։
Միևնույն ժամանակ նախարարությունը հատուկ ընդգծում է, որ եթե ապրանքն ունի գործարանային փաթեթավորում, ապա կշռափաթեթավորման համար նախատեսված բացառությունը չի գործում։
Նախարարությունից նաև հորդորում են կշռափաթեթավորման համար նախապատվությունը տալ էկոլոգիապես անվտանգ տարաներին, իսկ պոլիէթիլենային տոպրակների փոխարեն օգտագործել կտորե, թղթե և այլ էկոլոգիապես անվտանգ նյութերից պատրաստված տոպրակներ։

Ա․ Վարդանյան






















