Armenian text to speach

Իրանը սպառնում է պատասխան միջոցներ ձեռնարկել միջուկային հարվածի դեպքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրանը համապատասխան միջոցներ կձեռնարկի, եթե իր նկատմամբ միջուկային զենք կիրառվի։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարի իրավական և միջազգային հարցերով տեղակալ Քազեմ Ղարիբաբադին՝ ընդգծելով, որ Թեհրանը նման իրավիճակում չի սահմանափակվի միայն միջազգային իրավական մեխանիզմների կիրառմամբ։

Ինչպես հայտնում է  Press TV-ը, Ղարիբաբադին երկուշաբթի օրը լրագրողների հետ զրույցում նշել է, որ Իրանը չի պատրաստվում պարզապես հետևել իր նկատմամբ միջուկային հարձակմանը՝ սահմանափակվելով միջազգային մակարդակով իրավական գործընթացներ նախաձեռնելով։

Նրա խոսքով՝ միջուկային զենք ունեցող պետության կողմից Իրանի դեմ նման զենք կիրառելու պաշտոնական սպառնալիքն անգամ կարող է խաթարել Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի (NPT) հեղինակությունն ու վստահելիությունը։

Ղարիբաբադին նշել է, որ եթե պայմանագրի մասնակից միջուկային պետության ղեկավարը կամ ռազմական ու քաղաքական պաշտոնյաները սպառնան միջուկային զենք կիրառել Իրանի դեմ, ապա այդ պայմանագրային համակարգը կկորցնի իր վստահելիությունը։ Նրա գնահատմամբ՝ նման սպառնալիքները կարող են այլ երկրներին դրդել սեփական պաշտպանության համար անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել՝ առաջացնելով տարածաշրջանային և գլոբալ հետևանքներ։

Միևնույն ժամանակ, իրանցի պաշտոնյան նշել է, որ Թեհրանը մինչ այժմ ԱՄՆ պաշտոնյաներից որևէ պաշտոնական դիրքորոշում չի ստացել արևմտյան որոշ լրատվամիջոցներում Իրանի դեմ միջուկային զենքի հնարավոր կիրառման մասին հրապարակումների վերաբերյալ։

Ղարիբաբադին նաև հայտնել է, որ Իրանը գործարկել է իրավական հնարավոր մեխանիզմները՝ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իր միջուկային օբյեկտներին հասցված հարվածների հարցով։

Նա անդրադարձել է նաև այսպես կոչված «Յոթօրյա ծրագրին», որը Թեհրանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի վերջին նստաշրջանի շրջանակներում Նյու Յորքում միջնորդների միջոցով ներկայացրել է ԱՄՆ-ին։ Ծրագիրը, նրա խոսքով, վերաբերում է նաև Հորմուզի նեղուցի հնարավոր վերաբացման հարցին։

Իրանի փոխարտգործնախարարը նշել է, որ Թեհրանի պահանջները հստակ են, և դրանց կատարման դեպքում հնարավոր է դիվանագիտական համաձայնության հասնել։ Նրա խոսքով՝ այդ պահանջների մեծ մասն արդեն արտացոլվել է հունիսին Իսլամաբադում Թեհրանի և Վաշինգտոնի միջև ձեռք բերված փոխըմբռնման հուշագրում։

«Մենք շարունակում ենք գտնվել պատերազմի վիճակում, և Իրանի Իսլամական Հանրապետության տեսանկյունից մեր երկրի դեմ ագրեսիան դեռ չի ավարտվել»,- հայտարարել է Ղարիբաբադին։

Նա ընդգծել է, որ Իրանը պահպանում է ինքնապաշտպանության իրավունքը այնքան ժամանակ, քանի դեռ ռազմական ագրեսիան ամբողջությամբ և վերջնականապես չի դադարել։ Պաշտոնյան նաև հայտարարել է, որ եթե Վաշինգտոնը իսկապես ցանկանում է դիվանագիտական լուծում գտնել, ապա Թեհրանը պատրաստ է բանակցություններին նույն լրջությամբ մոտենալ։ Հակառակ դեպքում Իրանը կպաշտպանի իրեն ավելի վճռական և ինտենսիվ կերպով։

Անդրադառնալով ԱՄՆ ընտրությունների հնարավոր ազդեցությանը Իրանի արտաքին քաղաքականության վրա՝ Ղարիբաբադին նշել է, որ Թեհրանը սեփական քաղաքականությունը չի կառուցում այլ երկրների ընտրական գործընթացների հիման վրա և որոշումներ է կայացնում՝ առաջնորդվելով իր ազգային շահերով ու անվտանգության նկատառումներով։

Անի Վարդանյան




Մամուլի Տեսություն

Լրահոս