ArmLur.am-ը տեղեկացավ, որ նոյեմբերի 29-ին Արմավիր մարզի Մեծամոր համայնքում սպասվող ՏԻՄ ընտրություններին իշխող `«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն Սարգիս Արշակյանն է։
Սարգիս Արշակյանը Մեծամորի գործող համայնքի ղեկավար Էդգար Հովհաննիսյանի տեղակալն է։ Նա նախկինում ավագանու անդամ չի եղել։
Այսօր Արշակյանը ներկայացրել է իր կենսագրությունը։ Համաձայն դրա՝ նա ծնվել է 1985 թ. սեպտեմբերի 22-ին Արմավիրի մարզի Նորապատ գյուղում։ 2012-ին ավարտել է Հայաստանի պետական ագրարային համալսարանը։ Մինչև համալսարանը ավարտելը՝ 2010-ին, նշանակվել է Արմավիրի մարզի Նորապատ համայնքի ղեկավարի տեղակալ։ Այդ պաշտոնում նա մնացել է շուրջ 10 տարի։
2021 թվականի հուլիսի 17-ից դեկտեմբերի 17-ը՝ այսինքն 5 ամիս, եղել է Նորապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար։ 2022 թվականի փետրվարի 1-ից նշանակվել է Մեծամոր համայնքի Նորապատ գյուղի վարչական ղեկավարի պաշտոնում, իսկ նախորդ տարի նշանակվել է Մեծամոր համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնում։
Բացի ՔՊ-ից Մեծամորում առաջադրվել է նաև ՀՅԴ-ն։ ՀՅԴ-ի թեկնածուն Արամայիս Մխիթարյանն է, ով գործող ավագանու անդամ է, ՀՅԴ խմբակցության, ինչպես նաև մարզային կառույցի ղեկավարը:
Աննա Հանյան


















































































