Հայաստանին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) հեռացնելու մասին խոսք չկա։ Միևնույն ժամանակ, կազմակերպությունում քննարկվում է Հայաստանի՝ անդամավճարների չվճարման և վերջին երկու տարիներին ՀԱՊԿ-ի աշխատանքներին չմասնակցելու հարցը։
Ինչպես հայտնում է ArmLur.am-ը՝ այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը՝ Մինսկում կայացած Եվրասիական անվտանգության հարցերով 4-րդ միջազգային համաժողովի շրջանակում։
Մասադիկովի խոսքով՝ ռուսական կողմն արդեն պատրաստել է Հայաստանին վերաբերող կոնկրետ լուծում, որը կներկայացվի ՀԱՊԿ անդամ պետություններին։ Եթե օրակարգը հաստատվի, հարցը կքննարկվի նոյեմբերի 10-ին կայանալիք Հավաքական անվտանգության խորհրդի նիստում։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշել է, որ Հայաստանի նկատմամբ կարող է կիրառվել կազմակերպության կանոնադրության 25-րդ հոդվածը։ Դա ենթադրում է, որ Հայաստանը կարող է զրկվել ՀԱՊԿ պաշտոններում քվոտային կարգով իր թեկնածուներին առաջադրելու և ձայնի իրավունքից՝ մինչև անդամավճարների գծով պարտքի մարումը։
Հիշեցնենք, որ Հայաստանը 2024 թվականի փետրվարից սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ աշխատանքներին։
Անի Վարդանյան




























