Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) անդամ ակումբներն այսօր՝ նոյեմբերի 4-ին, ձայների մեծամասնությամբ հաստատել են ֆեդերացիայի կանոնադրական փոփոխությունները։ Դրանց համաձայն՝ ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամի թեկնածուն այլևս պարտավոր չի լինի տիրապետել հայերենին և վերջին մեկ տարվա ընթացքում մշտապես բնակված լինել Հայաստանում։
Ինչպես տեղեկանում է ArmLur.am-ը, ՀՖՖ արտահերթ ժողովին մասնակցել է ֆեդերացիայի 34 անդամներից 31-ը։ Փոփոխությունների ընդունման համար անհրաժեշտ էր 24 ձայն, սակայն քվեարկության արդյունքում դրանք ստացել են 29 կողմ և 2 դեմ ձայն։ Դեմ են քվեարկել «Արարատ-Արմենիա» և «Ուրարտու» ակումբները։
Հաստատվել է նաև պաշտոնավարման ժամկետների հաշվարկի փոփոխությունը։ Այսուհետ, եթե անձը տվյալ պաշտոնում պաշտոնավարել է երկու տարուց պակաս, այդ ժամանակահատվածը չի հաշվարկվի որպես մեկ ամբողջական ժամկետ, իսկ երկու տարի և ավելի պաշտոնավարման դեպքում կհամարվի ամբողջական ժամկետ։ Մինչ այժմ պաշտոնավարման ամբողջական ժամկետ էր համարվում ցանկացած ժամանակահատված՝ անկախ դրա տևողությունից։
ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը հայտարարել է, որ փոփոխություններն ընդունված են, և տեղեկացրել, որ ֆեդերացիայի նախագահի ու գործադիր կոմիտեի անդամների ընտրությունները կկայանան այս տարվա դեկտեմբերի երկրորդ կեսին։
«Ժողովուրդը» դեռ հոկտեմբերի 20-ին էր գրել փոփոխությունների մասին
Հատկանշական է, որ «Ժողովուրդ» օրաթերթը դեռ հոկտեմբերի 20-ին էր գրել ՀՖՖ կանոնադրության փոփոխությունների նախաձեռնության մասին՝ հրապարակելով բացառիկ տեղեկություններ։
Մասնավորապես՝ օրաթերթը հայտնել էր, որ հոկտեմբերի 16-ին ՀՖՖ 34 անդամ կազմակերպություններից 29-ը արտահերթ ժողով անցկացնելու առաջարկ էին ներկայացրել՝ նպատակ ունենալով փոփոխություններ կատարել կանոնադրությունում։ Այդ փոփոխություններից մեկը վերաբերում էր գործադիր կոմիտեի անդամի թեկնածուներին ներկայացվող պահանջներին։ Գործող կարգավորմամբ՝ թեկնածուն պետք է վերջին մեկ տարվա ընթացքում մշտապես բնակված լիներ Հայաստանում և տիրապետեր հայերենին։ Նախագծով առաջարկվում էր վերացնել այդ երկու պահանջները՝ պահպանելով ՀՀ քաղաքացիության և առնվազն 25 տարեկան լինելու պայմանները։
«Ժողովուրդ»-ը նաև գրել էր, որ փոփոխությունները քննարկվում են ՀՖՖ նախագահի առաջիկա ընտրությունների համատեքստում։ Օրաթերթի տեղեկություններով՝ ֆեդերացիայի ղեկավարության համար պայքարում էր Դենիս Ջորկաեֆը՝ Յուրի Ջորկաեֆի եղբայրը, որը հայերենին չի տիրապետում և Հայաստանում չի բնակվում։
Փոփոխությունների դեմ բողոքի ալիք է բարձրացել
Կանոնադրական փոփոխությունների շուրջ դժգոհություններ են հնչել նաև ֆուտբոլային հանրության շրջանում։ Ավելի վաղ երկրպագուների ներկայացուցիչները բաց նամակ էին հղել ՀՖՖ-ին և անդամ կազմակերպություններին՝ պահանջելով պահպանել հայերենի իմացության պահանջը և հրապարակայնորեն հիմնավորել առաջարկվող փոփոխությունները։
Նամակի հեղինակները նշել էին, որ հայերենին տիրապետելը ձևական պայման չէ, քանի որ ֆեդերացիայի ղեկավարի համար կարևոր է անմիջականորեն հաղորդակցվել մարզիչների, ֆուտբոլիստների, ակումբների և երկրպագուների հետ։ Նրանք նաև ընդգծել էին, որ ՀՖՖ կանոնադրության 10-րդ հոդվածով ֆեդերացիայի և ժողովի պաշտոնական լեզուն հայերենն է։
Նամակով պահանջ էր ներկայացվել հրապարակել փոփոխությունների նախագիծը, բացատրագիրը, նախաձեռնության հեղինակին և պարզաբանել, թե ինչ խնդիր է լուծելու հայերենի իմացության պահանջի վերացումը։ Ակումբներին և ժողովի պատվիրակներին կոչ էր արվել չաջակցել այդ պահանջի վերացմանը, իսկ մինչև հարցերի հրապարակային պարզաբանումը՝ հետաձգել վերջնական որոշման ընդունումը։
Այսօր՝ արտահերթ ժողովի օրը, «Առաջին հայկական ճակատ» երկրպագուների շարժումը ևս հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով ակումբներին քվեարկել «դեմ» կամ «ձեռնպահ»։ Շարժումը քննադատել է ՀՖՖ դիրքորոշումը՝ նշելով, որ ֆեդերացիան ամբողջ պատասխանատվությունը թողնում է անդամ ակումբների վրա։ Հայտարարության մեջ ընդգծվել է, որ մայրենի լեզվին տիրապետելը չպետք է շահարկման առարկա դառնա։
Չնայած հնչած դժգոհություններին և կոչերին՝ ՀՖՖ անդամ ակումբների մեծամասնությունը կողմ է քվեարկել կանոնադրական փոփոխություններին։ Այսպիսով, դեկտեմբերի երկրորդ կեսին կայանալիք ընտրություններին գործադիր կոմիտեի անդամի թեկնածուների համար հայերենի իմացության և վերջին մեկ տարում Հայաստանում բնակված լինելու նախկին պահանջներն այլևս չեն գործելու։
Սոնա Գրիգորյան




























